Եպիսկոպոսական Սուրբ Պատարագ և երիտասարդների օրհնություն Սուրբ Սարգսի տոնի առթիվ

Փետրվարի 11-ին Սուրբ Սարգսի տոնի առթիվ Նոյեմբերյան քաղաքի սրբի անունը կրող եկեղեցում եպիսկոպոսական Սուրբ և Անմահ Պատարագ մատուցեց Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը: Սուրբ Պատարագին մասնակցում էին արժանապատիվ Տեր Սմբատ, Տեր Սիմեոն և Տեր Թորգոմ քահանաները, ուխտավորներ տարբեր բնակավայրերից:

Սուրբ Սարգիս զորավարը իր որդու` Մարտիրոսի եւ 14 քաջ մարտիկների հետ նահատակվել է հանուն քրիստոնեական հավատքի: Սարգիս զորավարը ոչ միայն գերազանց սպարապետ էր, այլեւ հիանալի քարոզիչ: Նա իր իշխանության տակ գտնվող քաղաքներում քանդում էր մեհյանները, կառուցում եկեղեցիներ, տարածում քրիստոնեությունը:

Նոյեմբերյանի Սուրբ Սարգիս եկեղեցու հայացքն ուղղված է դեպի իր մայր Սուրբ Սարգիսը, որտեղ պահվել է սրբի մասունքը: Այն, գտնվելով մի քանի կիլոմետրի վրա, դուրս է այսօրվա մեր հայրենիքի սահմաններից: Անդրադառնալով այս հանգամանքին, Բագրատ Սրբազանը հույս հայտնեց, որ տարիների ընթացքում այս քաղաքը և այս տարածաշրջանը կրկին բարձրագույն աստիճանով, իր ժողովրդի տներն ու սրտերը մտած հավատքի ճշմարտությամբ ի վերջո կկարողանա վերադարձ ունենալ դեպի այն սկիզբը, որից ծնվել է որպես Մաշտոցի հոգևոր քարոզչության զավակ ու ժառանգ, որպես Սուրբ Սարգսով ապրած ու զորացած ժողովուրդ:

«Մեր Տերն ասում է. «Իմ պատճառով բոլորդ ատվելու եք»: Չի լինելու մեկը, որ սիրված լինի Իմ պատճառով, այլ ատվելու եք. հարձակվելու են ձեզ վրա, բաժանումներ են լինելու ձեր ընտանիքներում, ձեր հարազատների, բարեկամների մեջ. այդ բոլորը Իմ պատճառով: Որովհետև այն, ինչ դուք ընդունելու եք որպես հետևորդներ, բարձրագույն Ճշմարտությունն է և ոչ բոլորին է հասանելի: Եվ այդ պատճառով էլ առաքյալն ասում է, որ մեր պատերազմը մարմնի և արյան հետ չէ. մեր պատերազմը հոգու պատերազմ է, մեր պատերազմը այն պետությունների և իշխանությունների հետ է, ովքեր չարիքի գործիք են. նրանք, ովքեր կարողանում են քայքայել ու փչացնել կյանքը թե՛ մարդկանց մտքում, թե՛ հոգում և թե՛ նաև խաթարել մարդու բնական ձգտումը դեպի հավիտենականություն: Եվ այդ պատճառով էլ ասում է. «Ձեր ոտքերը թող խաղաղության Ավետարանի մեջ լինեն, բայց այս ամենի վրա առեք հավատի վահանը, փրկության սաղավարտը և Հոգու սուսերը, որ Աստծո Խոսքն է»։

«Սուրբ Սարգիսը նահատակությամբ կնքեց իր կյանքը, բայց մինչև նահատակությունը ավիրեց ու ոչնչացրեց մարդկանց ստեղծած պաշտամունքային արժեքները, որ կոչվում էին կուռքեր: Ավիրեց, և վճարեց իր կյանքով: Մենք էլ ենք այդպես լինելու. կամ ապրելու ենք հարմարված մեր սահմանափակ իրականության հետ և մեջ, կամ պատռելու ենք հարմարվելու բանտը, դուրս ենք գալու այդտեղից՝ ազատությանը վայել այդ մեծ ճախրանքն ու սխրանքն ունենալու, որի համար էլ, հավանաբար, մեր կյանքը կլինի նահատակության կյանք կա՛մ ֆիզիկապես, կա՛մ հոգեպես»:

Հավարտ Սուրբ Պատարագի Բագրատ Սրբազանը կատարեց նաև երիտասարդների օրհնության կարգ՝ Սուրբ Սարգսի բարեխոսությամբ նրանց կյանքերում Աստծո առաջնորդություն ու Աստվածային սիրո լեցունություն խնդրելով:

ջրանիշ 1DSC 1130
ջրանիշ 1DSC 1130
Aperture: 4Camera: NIKON D3300Iso: 3200Orientation: 1
« 1 of 6 »
Translate »