Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

ՀԱՂԱՐԾՆԻ ՇԱԲԱԹԻ ԿԱՄԱՎՈՐՆԵՐԸ ԳԱՆՁԱՍԱՐՈՒՄ

Հաղարծնի շաբաթվա կամավորների եզրափակիչ կանգառը Գանձասարն էր: Խաչվերացի տոնի օրը՝ սեպտեմբերի 17-ին, վանքում Սուրբ և Անմահ Պատարագ մատուցեց Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը:

Սուրբ Պատարագին մասնակցությունը Հաղարծնի շաբաթի կամավորների 2-օրյա ուխտագնացության ամփոփումն էր՝ իրենց կյանքը սիրով ու հաղթանակի ոգով շարունակելու ուխտով ու հանձնառությամբ: «Կանաչ շապիկները» լցրեցին նաև դպրաց դասի շարքերը. Սուրբ Պատարագն ամբողջությամբ երգում էին երիտասարդները:

Արցախյան ազատամարտի օրերին իրենց թիկունքին խաչի նշանը կրող տղաների շնորհիվ ազատագրության խորհրդանիշ դարձած Գանձասարում Խաչվերացի տոնն ասես վերաարթնացրեց ու կենդանացնրեց այդ Խաչի նշանի կրած Սիրո մեծագույն խորհուրդը.

«Այսօր խոսում ենք Աստծո՝ այնպես սիրած լինելու մասին, որ անգամ Իր Զավակին չխնայեց: Եվ սա Սուրբ Խաչի պատմությունն է՝ այն խաչի, որ մենք այսօր փորձում ենք տարբեր կերպերով սեփականացնել. իմ ձեռքում է, եկեղեցու գմբեթին, մեր կրծքերին է կախված: Մեր Արցախյան պատերազմի ժամանակ մեր տղաների ուսերը, կուրծքը, թևերը, մեջքը ամբողջությամբ կնքված էին Խաչի նշանով:
Այսպիսով մենք փորձում ենք Խաչը սեփականացնել՝ ոչ թե սոսկ նշանը, այլ այդ նշանի հետևում եղող խորհուրդը:

Խաչի պատմությունը Աստծո անմնացորդ, խելահեղ սիրո պատմությունն է մարդու հետ. սիրահարվածության, մարդու կյանքի մեջ խառնված լինելու, այն մեծ գուրգուրանքի, քնքշանքի, ցավելու, ողբալու մարդու համար, լացելու և միևնույն ժամանակ ուրախանալու ու ձեռքերը պարզած սպասելու սիրո պատմությունը: Չկա սիրո ավելի մեծ պատմություն, քան այն համբերատար, մեծ սերը, որ Աստված ստեղծագործությունից ի վեր անդադար տածում է իմ և ձեր նկատմամբ:

Մեր պատմությունն էլ, որ մենք կոչում ենք փրկության պատմություն, դարձալ այդ սիրո պատմությունն է, որովհետև ամենամեծ հեղինակությունից մինչև ամենամանկահասակ տարիքով ապրող մարդը քաջ գիտակցում է, որ ամեն ինչի սկիզբն ու վախճանը սիրո մեջ է: Սերն է բոլոր տեսակի դժվարությունների, մարտահրավերների լուծումը: Ամեն մարդ բնականից ձգտում է սիրո:

Ոմանք դեռ չհասունացած՝ ձգտում են սիրվելու, իսկ նրանք, ովքեր արդեն հասունացած են, ամբողջությամբ կյանքի բոլոր հորձանուտներով անցած՝ ձգտում են սիրելու: Սիրված լինելը դեռևս մանկահասակի, չհասունացածի զգացում է: Սիրելն է հասունացած, կայացած, ճանապարհ անցած մարդու ամբողջական զգացումը:

Այդպես է նաև մարդու ու Աստծո պատմությունը. մարդու՝ մի տեսակ նեղացկոտ սիրված լինելու ձգտումը իսկ մյուս կողմից՝ Աստծո վեհ, մեծ, ընդլայն, գրկող սիրո ներկայությունը:

Երբեմն մարդը մարդու հետ հարաբերության մեջ հոգնեցող սիրո պատմություն կարող է ունենալ, որովհետև անընդհատ հասունացած չլինելով՝ մենք ձգտում ենք սիրված լինելու, ու այդ ճանապարհի մեջ չենք էլ հասկանում, թե այդ ինչպես է, որ մենք ցանկանում ենք պարտադրած լինել այդ սերը ուրիշներին:

Այդպես չէ իրական սիրո պատմությունը. այնտեղ լայն ազատություն կա, այնտեղ նեղություն չկա, այնտեղ մեկը մեկի վրա իշխանություն ունենալու, պարտադրած լինելու իրականություն չկա. այսպես էր Աստծո սերը: Նա այնպես սիրեց աշխարհը, այնպես սիրեց մարդուն, որ Իր Զավակին ուղարկեց…

Եվ այսօր՝ Խաչվերացի տոնին, երբ մենք բարձրացնում ենք Խաչի խորհուրդը ի ցույց աշխարհի՝ չպարտադրվող, ազատ, տարածություններ չճանաչող սիրո պատմությունն ենք բարձրացնում՝ Հիսուսի սիրո պատմությունը մեզ՝ իմ և ձեզ հետ»:(Բագրատ Սրբազանի քարոզից)

21752065_1710557625920836_5270221343570785632_n
« of 22 »
Translate »