ՀԱՂԱՐԾՆԻ ՇԱԲԱԹԻ ԿԱՄԱՎՈՐՆԵՐՆ ԱՐՑԱԽՈՒՄ. ԴԱԴԻՎԱՆՔ

Սեպտեմբերի 16-17-ը Հաղարծնի շաբաթի կամավորներն անցկացրին Արցախում՝ ուխտաբար այցելելով Դադիվանք, Շուշիի Սբ. Ղազանչեցոց եկեղեցի ու Գանձասար:

«Մենք այսօր իրոք երջանիկ սերունդ ենք, քանի որ մեր կյանքի ընթացքում Հայրենիքից տարածք ու հող չենք կորցրել, այլ ընդհակառակը՝ ազատագրել ենք: Այսօր մենք հաղթանակած իրականության մեջ ենք ապրում, որտեղ մեր արցունքները միայն ուրախության ու մեր զոհված եղբայրների, իրենց կյանքը Հայրենիքի ազատագրության զոհասեղանին դրած մարդկանց համար ափսոսանքի արցունքներ են: Կրկնում եմ՝ բազմաթիվ սերունդների չի հաջողվել այսպիսի երջանիկ իրականություն ուենալ, որ այսօր մենք ունենք»: (Բագրատ եպիսկոպոս Գալստանյան)

Պատմական Արցախի հրաշալիքներից մեկը՝ ազատագրված Դադիվանքը ուխտավորների առաջին կանգառն էր: Վանահայր Տեր Հովհաննես քահանա Հովահաննիսյանը սիրով դիմավորեց նրանց ու ներկայացրեց վանքի հիմնադրման, դարավոր կյանքի և ազատագրման պատմությունը:

Սբ. Թադեոս առաքյալի աշակերտ Դադիի՝ 1-ին դարում հիմնած վանքում խաղաղության համար աղոթքից հետո երիտասարդները Քրիստոսի սիրո ողջույնը փոխանցեցին միմյանց՝ Դադիվանքի հինավուրց պատերի արձագանքի դրոշմով:

Բագրատ Սրբազանի խոսքերով՝ այս ուխտագնացությունը ինքնաճանաչողության մեծագույն հնարավորություն ու առիթ է՝ իրոք գիտակցելու, թե այսօր ինչ ունենք մենք.

«Ես հավատում եմ, որ երբ մեր ազգը հասնում է ինքնաճանաչողության կատարյալ և խորը աստիճանին, հրաշքներ է գործում. վկան՝ Արցախյան ազատամարտը, վկան՝ ապրիլյան դեպքերը: Այդ մեր ցեղի ինքնաճանաչողության ու ինքնագիտակցության խորը զգացումն է՝ երբ մենք հասկանում ենք, թե մենք ով ենք. երբ մեր ժամանակը սին բաների վրա չենք վատնում, երբ մեր առաջնահերթությունները կյանքում ճիշտ են սահմանված, երբ փոքր հարցերը կապ չունեն՝ ով ում բարև տվեց, ինչ արեց, ով ում կողքով անցավ…

Այդ բոլորն այլևս նշանակություն չունեն, երբ կա համընդհանուր, մեծ ՍԵՐ՝ փնտրելու իրար, գտնելու իրար:

Այսօր մենք Տավուշից ենք եկել այստեղ, ուրիշներն այլ տեղերից. ի՞նչ կա, որ մեզ այսպիսին է դարձրել, ի՞նչ կա, որ ես առանց ձեզ ճանաչելու, դուք առանց ինձ ճանաչելու՝ հարազատություն ունենք: Որտեղի՞ց դա. Դա ի՞նչ գաղնիք է:
Ոչ մի պատմիչ, ոչ մի ֆիզիկոս, մաթեմատիկոս չի կարող դրան պատասխան տալ:

Դա այն ներքին, արյունով խոսող, մյուռոնով զարդարված ՍԵՐՆ է, որ մենք հաճախ չենք փնտրում, և այսօր Դադիվանքը մեր փնտրտուքի կետն է դարձել, որ մենք իրար գտնենք»: (Բագրատ եպիսկոպոս Գալստանյան)

21557887_1710191132624152_2426221363602557590_n
21557887_1710191132624152_2426221363602557590_n
« 1 of 11 »

16

Translate »