ՀԱՂԱՐԾՆԻ ՇԱԲԱԹ․ ԿԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ – ՄԱՍ 1

«Մթնոլորտը, մարդիկ,  համերաշխությունը ստիպում էին ժպտալ՝ մոռանալ տալով մեր խնդիրները…»․
Հրանտ Ղազումյան, Իջևան, Տավուշ
պատմաբան

Իրոք ընկալելու ինքդ քեզ,մոտ լինելու քո հավատին, ստեղծագործական նոր մտքերով լցվելու, լուսավորվելու համար արժեր մեկ շաբաթ ապրել եկեղեցու տարածաքում…

Մենք այն եզակիներից էինք, ովքեր մեկ շաբաթ անցկացրին Հաղարծին վանական համալիրում: Հաղարծնի շաբաթ.հետաքրքիր, եզակի նախաձեռնություն: Մթնոլորտը, մարդիկ, համերաշխությունը ստիպում էին ժպտալ՝ մոռանալ տալով մեր խնդիրները:

Մեզնից յուրաքանչյուրը տպավորությունների իր ահռելի չափաբաժինն ունի իր մեջ: Հաղարծնի շաբաթի տպավորություններից ու հիշողություններից ամենքս մեզ համար տաք ու գեղեցիկ հագուստներ կպատրաստենք՝ ձմռան ցրտին հագնելու, ջերմանալու և հիշելու տարվա լավագույն շաբաթներից մեկը` Հաղարծնի շաբաթ 2017-ը:

«…երբևէ չէի կարող մտածել, որ կփոխեմ մտածելակերպս ու աշխարհայացքս».
Հրաչուհի Սեփխանյան, Ազատամուտ, Տավուշ
դպրոցական

Հաղարծնի այդ 7 օրերը շատ հաճելի էին ինձ համար…չեմ կարող չնշել նոր ծանոթություններս: Հատկապես տպավորված եմ Բագրատ Սրբազանի զրույցներից. ուղղակի աննկարագրելի էր ինձ համար:

Կարող եմ ասել, որ Հաղարծնի շաբաթը ինձ շատ բան տվեց գիտակցական առումով. երբևէ չէի կարող մտածել, որ կփոխեմ մտածելակերպս ու աշխարհայացքս:

Հաճելի է, երբ ժպտալով մոտենում ես Հաղարծնի հյուրերին և դիմավորում, իսկ նրանք շնորհակալություն են հայտնում կատարած գործի համար: Հրաշալի է գիտակցելը, որ այդ մեծ միջոցառման մի փոքր մասնիկն ես:

Կարող եմ ասել, որ պարզապես անչափ ուրախ ու եմ, որ այդ մի շաբաթն անցկացրի Հաղարծնում ու ևս մեկ անգամ համոզվեցի, որ Տավուշեցի լինելը իրոք հպարտություն է, որ, իրոք, Հայաստանը հրաշալի է, իսկ Տավուշը՝ բացառիկ:

Սուսաննա Սաղաթելյան, Երևան
դպրոցական, 12-րդ դասարան

Անչափ ուրախ եմ, որ ինձ բախտ էր ընձեռնվել մասնակցել Հացարծնի շաբաթին:

Ապագա մասնագիտությունս դեռ չեմ ընտրել, բայց մեծ ցանկություն ունեմ գիդ դառնալու, հետևաբար այս շաբաթը մի հնարավորություն էր, ու Հաղարծինն էլ՝ մի վայր, որտեղ կարող էի բավականին մեծ փորձաշրջան անցնել…Փոքր ինչ վախ կար՝ ներկայացնել մեր պատմությունը. սկզբում հուզմունքից մոռացել էի գրեթե ամեն ինչ, բայց ժամանակի ընթացքում ընտելացա:

Իհարկե, բացի փորձից՝ ես նաև ձեռք բերեցի լավ ընկերներ, որի համար նույնպես անչափ ուրախ եմ:

Մթնոլորտը շատ ջերմ էր ու ընկերական. երբևիցե չէի մտածի, որ կարող ենք այդքան հարազատ դառնալ: Ցավով եմ հիշում մեր բաժանումը, բայց չեմ տխրում, որովհետև հաճախ հանդիպումներ ենք կազմակերպում, վերհիշում ենք մեր մեկ շաբաթվա արկածները:

Հաղարծնի շաբաթը… չէէ, կներե՛ք…Հաղարծնի սիրո շաբաթը հավերժ կմնա մեր սրտերում՝ կարոտով ու տխրությամբ, բայց նաև՝ շատ մեծ ջերմությամբ ու հաջորդ հանդիպման սպասումով:

Translate »