Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Տավուշի թեմի «Արևիկ» սոցիալ-կրթական կենտրոն

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, որպես սոցիալական ինստիտուտ, իր ձևավորման առաջին իսկ տասնամյակներից և այժմ էլ, կարևոր դերակատարում և եռանդուն ներգրավվածություն ունի մեր ժողովրդին բազմաբնույթ սոցիալական ծառայությունների մատուցման ասպարեզում։ Եկեղեցու Հովվական խնամքն իր մեջ համադրելով քարոզխոսությունը և ծառայությունների մատուցումը, իր վկայությունը դարձնում է առավել համոզիչ և անվիճելի։

«Արևիկ» սոցիալ-կրթական կենտրոնի նպատակն է օգնել կյանքի դժվար իրավիճակում հայտնված երեխաներին, խոցելի ընտանիքներին և բոլոր նրանց, ովքեր կարիք ունեն աջակցության, մատուցելով նրանց սոցիալական, կրթա-մշակութային և հոգևոր ծառայություններ:

Կենտրոնի գործունեությանն աջակցել են մի շարք բարեգործական կազմակերպություններ և անհատ բարերարներ՝
«Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի Հայաստանյան Միջեկեղեցական Կլոր Սեղան» Բարեգրծական Հիմնադրամ, « Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամ, «Ընտանիք և Համայնք» բարեգործական ՀԿ, «Հայ Դպրոց» հիմնադրամ, «World Vision» միջազգային հասարակական կազմակերպություն:

Կենտրոնը 2016թ-ի մայիս ամսից մինչ 2017թ-հունվար ամիսը սոցիալական, կրթամշակութային և հոգևոր ծառայություններ է մատուցել Իջևան քաղաքի և հարակից համայնքների 75 երեխաների և 44 ընտանիքների:

Կենտրոնը երեխաներին խմբակներ ներգրավելու միջոցով, ապահովվում է նրանց արտադպրոցական զբաղվածությունը, ինչը նպաստում է համայնքում նրանց դրական սոցիալիզացիային: Երեխաները ձեռք են բերում նոր գիտելիքներ և հմտություններ, բարձրանում է նրանց ինքնագնահատականը: Կենտրոնում գործում են նկարչության և մետաքսանկարչության խմբակներ: Ամերիկահայ բարերաների աջակցությամբ գործում է շյուղագործության խմբակը։ ԿՍ հիմնադրամի ֆինանսավորմամբ գործում է նաև գորգագործական խմբակը: Կենտրոնում գործում է « Ծնողական ակումբ»ը, որն օգնում է ծնողներին հարստացնել ծնողավարման հմտությունների վերաբերյալ իրենց ունեցած գիտելիքները: