ՄԵԾ ՊԱՀՔ. ՏՆՏԵՍԻ ԿԻՐԱԿԻ

Տնտեսի Կիրակին էր այսօր…մեր ավանդությամբ Անիրավ Տնտեսի իսկ այլ եկեղեցիների ավանդությամբ Իմաստուն Տնտեսի…երկուսն էլ ճշմարիտ են պայմանավորված, թե ինչ տեսանկյունով ենք դիտարկում…բայց խոսքս այս մասին չէ…
Տնտեսի առակի մեխը հաշվետվությունն է՝ համարատվությունը: Սա մարդու Աստվածադիր բնական զգացումն է, որն ուղղակիորեն առնչվում է մարդու արարման պատմության և նրա ընտրողության Աստվածապարգև շնորհի հետ: Մենք ընտրողություն ենք կատարում և այդ ընտրողության համար պատասխանատու ենք հաշվետվությամբ: Երբ առաջին մարդն իր ազատ ընտրողությամբ ընտրեց մեղքը Աստված փութաց փրկելու “Ո՞ւր ես Ադամ” հարցադրումով՝ պատրաստելով նրան ապաշխարության, իսկ այս պարագային չզղջացող մարդուն ուղղակի դարձյալ ընտրողության առջև դրեց շեշտելով “Տուր քո տնտեսության հաշիվը”: Մեղքը ընդունելու ժխտողականությունը համամարդկային երևույթ է՝ Ադամից սկզբնավորված և ցավալիորեն ոչ միայն ժխտողականությունը, այլև այն արդարացնելու բազմապիսի հնարներն ու հունարները՝ արդարացման կամ ինքնաարդարացման զանազան պատճառներով վարագուրված:
Մեր օրերում կարծես Աստվածային նախախնամությամբ մեծ պահքի ապաշխարության, զղջման, խոկման, աղոթքի, անդրադարձման ընթացքը համապատասխանել է շատ կարևոր իրադարձության՝ մեր երկրում տեղի ունեցող ընտրական գործընթացների հետ: Երկուսի մեկտեղումը միևնույն ժամանակհատվածում հանրային կյանքի լավագույն ցուցիչն է:
Փոփոխության մասին ճառերից, լուտանքներից, հայհոյանքներից, կաշառատվության մասին զրույցներից, լուսավոր ու բարգավաճ, ապահով ու գեղատեսիլ ապագայի խոստումներից, թեկնածուների պատկերների ամենուրեքությունից ու ֆիզիկական շփման հասանելիությունից անդին ուզում եմ լսել ապաշխարության ու զղջման իրական խոստովանություններ: Չկա՛ ապաշխարություն չի կարող լինել և ոչ մեկ փոփոխություն: Ապաշխարությունն է փոփոխությունը և դեռ ավելին ԵՐՋԱՆԻԿ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ:
Ապաշխարության քաջությունը Հարության Հաղթանակի գրավականն է..
ԱՊԱՇԽԱՐՈՒԹՅՈ՛ՒՆ, սա է բանալին ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ…
Սիրով ու աղոթքով մնացեք
Տեր Բագրատ Եպիսկոպոս Գալստանյան֊Առաջնորդ Տավուշի թեմի

Translate »