ՄՈՎՍԵՍ․ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԱՎԵՏԻՍԸ ՍԱՀՄԱՆԱԳԾԻՆ՝ ՄԱՆՈՒԿՆԵՐԻ ՇՈՒՐԹԵՐՈՎ

Շամշադինի տարածաշրջանի կիրակնօրյա դպրոցների Ամանորի և Սուրբ Ծննդյան միջոցառումներն ամփոփվեցին սահմանապահ Մովսեսում՝ տեղի կիրակնօրյա դպրոցի ու Այգեձորի «Լույս Մանկանց» ծրագրի սաների ելույթներով։

Մովսեսի մշակույթի կենտրոնի դահլիճում էին հավաքվել նաև կիրակնօրյա հաճախող երեխաների ծնողները, ներկա էին տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, տարածաշրջանի հոգևոր հովիվներ Տեր Աբել քահանա Քարտաշյանն ու Տեր Արամ քահանա Միրզոյանը։

Սուրբ Ծննդյան խորհրդի մեծագույն ու առանցքային պատգամը՝ Քրիստոսի Ծննդյան գիշերը հրեշտակների բերած խաղաղության ավետիսն էին հնչեցնում սահմանապահ մանուկները՝ դրա կենսականությունը դարձնելով շատ մոտ ու իրական։

Բագրատ Սրբազանի խոսքերով՝ հենց այս խաղաղությունն է ամենաթանկ, ամենափնտրված և կարծես թե ամենաանհասանելի իրականությունը մեր կյանքում․

«Ավելի առարկայական, ավելի զգալի, ավել շոշափելի ավետիս ու պատգամ որևէ այլ տեղ չի կարող հնչել ու դառնալ սեփականը, քան հենց այստեղ, այս համայնքում, որ սահմանագոտուց մի քանի հարյուր մետր է հեռու, և մեր ամբողջ Տավուշ աշխարհում՝ ծայրից ծայր։ Դուք Հայրենիքի դարպասներն եք՝ սահմանագոտու կրողները՝ վեհ ու հպարտ՝ հակառակ ամեն տեսակի դժվարությունների»։

Հիշեցնենք, որ այս օրերին ընթացքի մեջ են Տավուշի թեմի կիրակնօրյա դպրոցների ամանորյա միջոցառումները, որոնց մասնակցում են 43 համայնքներ շուրջ 2000 երեխաներ։
Նշենք նաև, որ Բերդի տարածաշրջանում երեխաներն ամանորյա նվերներ են ստանում ԵՀԽ «Կլոր Սեղան» գրասենյակի, ինչպես նաև Տավուշի թեմի կանադահայ ու լոսանջելեսաբնակ մի խումբ բարեկամների աջակցության շնորհիվ։

Translate »