Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

Նոր Վարագավանք

Նոր Վարագավանք, հայկական վանական համալիր Տավուշի մարզում, Վարագավան գյուղից 3.5 կմ հարավ-արևմուտք, բարձր ժայռի վրա, անտառապատ լեռներով շրջապատված։

22007364 1572800256118062 977091511620084937 n
« of 6 »

Վանքը հիմնել է Դավիթ Բ Կյուրիկյան թագավորը 1193-1198 թվականներին, հետագայում համալիրն ավելի է մեծացրել թոռը՝ Վասակ Բ-ն, 1234-1237 թվականներին: Կյուրիկյանները Բագրատունիների կրտսեր ճյուղն են, և նրանց Տաշիր-Ձորագետի թագավորությունը ընդգրկել է պատմական Գուգարք, Արցախ և Ուտիք նահանգները։ Վանքը Կյուրիկյան իշխանատոհմի տապանատուն է։ Շքեղ ձևավորում ունի գավթի շքամուտքը։ Այստեղ առկա է Արարատյան կողմնակալության կողմնակալ-հրամանատար, իշխանաց-իշխան Վաչե Ա Վաչուտյանի զույգ արծիվներով զինանշանը։ Հավանաբար Վաչե Ա-ն մեծարժեք նվիրատվություն է կատարել Նոր Վարագավանքին և դրան ի պատասխան նրա զինանշանը փորագրվել է գավթի պատին:

Սկզբից կոչվել է Անապատ։ Նոր Վարագավանք անունն ստացել է Վասպուրականի հռչակավոր Վարագավանքը մոնղոլների կողմից ավերելու պատճառով։ Վարագավանքի հոգևոր առաջնորդ Ղուկասը 1213 թվականին Անապատ է տեղափոխել Վարագավանքում պահվող մասունքները, այդ թվում` Սուրբ Խաչափայտի կտորը, որ բերել էին Հռիփսիմյան կույսերը։

Վանքի մոտ կան խաչքարեր, որոնցից ամենամեծը 1620 թվականին կերտել է Վարդանը։

«Առաքելական մեր սուրբ եկեղեցու տոնացույցի համաձայն` մենք տարվա մեջ ունենք խաչի չորս տոներ, եթե չորսից երեքը բնորոշ են նաև քրիստոնեական այլ եկեղեցիների, ապա Վարագա խաչը բնորոշ է միայն Հայ Առաքելական Սուրբ եկեղեցուն: Այն մեր տոնացույցի մեջ է մտել 7-րդ դարում, Ներսես երրորդ Տայեցի կաթողիկոսի կողմից, երբ Վարագա լեռան վրա կառուցվեց պատմական Վարագավանքը»:

Վարագա Սուրբ Խաչի մասունքն այժմ պահպանվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, և ամեն տարի այդ օրը Մայր Աթոռի Սրբարանից այն մեծ հանդիսությամբ տեղափոխվում է Նոր վարագավանք, ներկայացվում հավատացյալներին` երկրպագության և համբուրելու համար: Անդրադառնալով Անդաստանի արարողությանը, տարածաշրջանի հոգևոր հովիվ տեր Արամ քահանա Միրզոյանն ասաց, որ խաչափայտի մասունքով օրհնվում են պատմական Տավուշ աշխարհի չորս ծագերը (կողմերը):

Translate »