Սահմանապահ Վազաշենում 75 երեխաներ մկրտվեցին

«Գնացե՛ք ուրեմն աշակերտ դարձրե՛ք բոլոր ազգերին, նրանց մկրտեցե՛ք Հոր եւ Որդու եւ Սուրբ Հոգու անունով»: (Մատթ․ 28․19)

Նոյեմբերի 18-ին սահմանապահ Վազաշենում 75 երեխաներ մկրտվեցին՝ ընդունելով Սուրբ Մյուռոնի դրոշմն ու դառնալով Քրիստոսի եկեղեցու անդամ։

Խորհրդանշական է, որ Մկրտության խորհուրդը կատարվեց համայնքապետարանի դահլիճում, ուր նախկինում գտնվել է գյուղի եկեղեցին: Արարողությունը կատարվեց Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի և թեմի հոգևոր դասի ձեռամբ․ ներկա էին Տեր Սմբատ, Տեր Արշավիր, Տեր Թորգոմ քահանաները, գյուղի հոգևոր Տեր Սիմեոն քահանա Առաքելյանը։

Այս Մկրտության հովանավորը Մոնրեալաբնակ Սոսե Նագաշյանն է՝ վաղամեռիկ Սևան Նագաշյանի մայրիկը: Վազաշենի դպրոցում արդեն շուրջ վեց ամիս է, ինչ գործում է Սևանի անունով նրա ընկերների ստեղծած «Հավեսին Սենյակը»: