ՍԻՐՈ ԲԱՐԵԽՈՍԸ. ՍՈՒՐԲ ՍԱՐԳԻՍ

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու տոնացույցում սուրբ Սարգսի տոնն առանձնահատուկ տեղ է զբաղեցնում: Պատճառը մեկն է. այն խորհրդանշում է սերը՝ համամարդկային արժեքներից ամենագեղեցիկն ու վեհը: Սերը դա այն կենսական զգացմունքն է, որը մարդը զգում է տարին տասներկու ամիս և ամիսը երեսուն օր, սակայն այս տոնն իր խորհրդով հուշում է մեզ՝ յուրաքանչյուրիս, այդ օրը տարբերակել տարվա մյուս օրերից և հաճելի անակնկալներ պարգևել սիրելի անձնավորությանը: Ինչևէ… Մի փոքր վերհիշենք տոնի առաջացման նախապատմությունը:

Սուրբ Սարգիս Զորավարը համարվում է համաքրիստոնեական մեծագույն սրբերից մեկը: Նրա անվան հետ են կապված բազմաթիվ սրբատեղիներ: Սուրբը հռչակվել է իբրև անհաղթ ռազմիկ՝ բարբարոսների դեմ մղած ճակատամարտերում, ինչպես նաև գթասիրտ քրիստոնյա՝ իր ունեցվածքից գթասրտորեն աղքատներին բաշխող:

Բյուզանդական Վաղես կայսրն արիոսական աղանդի հետևորդ էր և հալածում էր քրիստոնյաներին: 378 թվականին կայսրը սպանվում է: Նրան սպանում են քրիստոնեության համար պայքարած սուրբ նահատակները, որոնց միանում է նաև  սուրբ Սարգիսը: Ամենայն Հայոց Գարեգին Բ հայրապետի տնօրինությամբ սուրբ  Սարգիս զորավարի տոնը հռչակվել է Երիտասարդների օրհնության օր:

Սուրբ Սարգիս զորավարն իր որդու` Մարտիրոսի և տասնչորս քաջ մարտիկների հետ նահատակվել է հանուն քրիստոնեական հավատքի: Արիության համար Սարգիսը Մեծն Կոստանդիանոս կայսեր (285-337թթ) կողմից կարգվում է իշխան և սպարապետ` Հայաստանին սահմանակից Կապադովկիայում: Նա ոչ միայն գերազանց սպարապետ էր, այլև՝ հիանալի քարոզիչ: Օգտվելով կայսեր թողտվությունից` իր իշխանության տակ գտնվող քաղաքներում նա քանդում է մեհյանները, կառուցում եկեղեցիներ, տարածում քրիստոնեությունը: Երբ Հուլիանոս Ուրացողի թագավորության օրոք (360-363թթ) սկսվում են եկեղեցու հալածանքները, Սարգիսը, աստվածային հայտնությամբ հրաման առնելով հեռանալ կայսրության սահմաններից, իր որդի Մարտիրոսի հետ գալիս, ապաստանում է քրիստոնյա Հայաստանում, որտեղ թագավորում էր Տիրան արքան` Մեծն Տրդատի թոռը` Խոսրովի որդին: Տեղեկանալով, որ Հուլիանոսը մեծ զորքով շարժվում է Պարսկաստանի վրա, Հայոց արքան, ձգտելով իր երկիրը զերծ պահել հարձակման վտանգից, հորդորում է Սարգսին ծառայության անցնել Շապուհի մոտ: Շապուհը սիրով ընդունում է նրան և նշանակում զորագնդերի հրամանատար: Զորականներից շատերը, տեսնելով փայլուն զորավարի բարեպաշտությունն ու վարքով վկայված նվիրումն առ Աստված, նրա աղոթքներով Տիրոջ գործած հրաշքները, հրաժարվում էին հեթանոսությունից և դառնում քրիստոնյա:

Ծառայության անցնելով Պարսկաստանում՝ Շապուհի զորքերի մեջ, Սարգիսը բազում քաջագործություններ է կատարել, և շատերին է քրիստոնյա դարձրել: Այստեղ էլ՝ մոգերի և այլոց կողմից, նա մեղադրվել է պարսկական բանակում քրիստոնեությունը տարածելու համար, որի համար Շապուհը նրան բանտարկել է: Այդ ժամանակ սպանվել է նաև Սարգսի որդին՝ Մարտիրոսը: Շապուհը պահանջել է Սարգսից պաշտել կրակը և զոհ մատուցել: Զորավարն անմիջապես մերժել է` ասելով. «Երկրպագելի է մեկ Աստված` Ամենասուրբ Երրորդությունը, Ով ստեղծել է երկինքն ու երկիրը: Իսկ կրակը կամ կուռքերը ի բնե աստվածներ չեն, հողեղեն մարդը դրանք կարող է փչացնել»: Այսպիսով, նա անսասան է մնացել իր հավատքի մեջ, որի համար էլ գլխատվել է: Պարսից զորականներից տասնչորս հոգի, որոնք քրիստոնեություն էին ընդունել, սրբի մարմինը փաթաթել են, որպեսզի թաղեն, սակայն Շապուհի հրամանով սպանել են նաև այդ զորականներին: Հավատավոր ժողովուրդը վերցրել է նահատակների և սրբի մարմինները և ամփոփել Համիան քաղաքում: Այստեղից էլ, հետագայում, Մեսրոպ Մաշտոցը սրբի մասունքները բերել և ամփոփել է Կարբի գավառի Ուշի գյուղում: Նա այդ վայրում՝ մասունքների հիմքի վրա, եկեղեցի է կառուցել, որը շատ սիրելի ուխտատեղի է դարձել հավատավոր ժողովրդի համար: Ուխտի օրը յուրաքանչյուր ուշեցու տանը մեծ խնջույք է կազմակերպվում: Նրանց այդ օրը հյուրընկալվում են դրսում ապրող իրենց հարազատներն ու բարեկամները: Հաճախ ուխտավորներն այնքան շատ են լինում, որ դժվար է լինում բարձրանալ վանք տանող ճանապարհով:

Սուրբ Սարգսի տոնը նշվում է Զատկից վաթսուներեք օր առաջ՝ շաբաթ օրը: Այդ օրը եկեղեցիներում Սուրբ Պատարագ է մատուցվում: Սուրբ Սարգսի տոնին նախորդում է սուրբ Գրիգոր Լուսավորչի  կողմից հաստատված Առաջավորաց պահքը: Պահքը տևում է հինգ օր: Սուրբ Սարգսի տոնը շարժական է և այս տարի նշվում է փետրվարի 16-ին: Եվրոպայում սուրբ Սարգսի հիշատակի օրը տոնվել է իբրև կեսարացի սրբի տոն՝ փետրվարի 24-ին, հույները տոնել են հունվարի 20-ին : Հայերը նախկինում այս տոնը նշել են հունվարի 31-ին:

Սուրբ Սարգսի անունով կառուցվել են բազմաթիվ սրբավայրեր, մենաստաններ, գյուղեր,  բերդեր, եկեղեցիներ, այդ թվում՝ Երևան քաղաքի Սուրբ Սարգիս եկեղեցին: Թալինի Մաստարա գյուղի մոտ՝ ձորի մեջ, կա մի քար, որն անվանակոչել են «սուրբ Սարգսի քար»: Ասում են՝ Սարգսի ձին ոտքը խփել է այդ քարին, որից էլ քարն ստացել է նրա անունը:

Սուրբ Սարգսի տոնը նշվում է ոչ միայն ծեսով, աղոթքներով ու Պատարագով, այլ նաև ժողովրդական գեղեցիկ, հային բնորոշ յուրահատուկ ավանդույթներվ: Տոնի խորհրդանշական ուտեստը փոխինձն է, որի գործածությունը տոնին նախորդող հինգ օրերին արգելվում է: Ուրբաթ երեկոյան տանտիրուհիները՝ հատկապես տարեցները, վերցնում էին սկուտեղները, վրան փոխինձ մաղում, մոմ կամ կանթեղ վառում ու դնում դռան ետևը կամ կտուրին՝ հուսալով, որ սուրբ Սարգիսը կայցելի և իր ձիու սմբակի հետքը կթողնի փոխինձի վրա: Անսահման երջանկություն էր, երբ առավոտյան ստուգում և փոխինձի վրա հայտնաբերում էին ձիու սմբակի հետքը:

Մի գեղեցիկ ավանդապատում ևս: Աղքատ Աշուղ Ղարիբը սիրում է մի մեծահարուստի աղջկա՝ Շահ-Սանամին: Վերջինս ևս սիրում է նրան, բայց Աշուղն աղքատ էր, և աղջկա հայրն արգելում է նրանց ամուսնանալ, քանի որ մտադրված էր նրան կնության տալ մի մեծահարուստի: Աշուղ Ղարիբը որոշում է մեծ կարողություն կուտակելու համար գնալ օտարություն` աշխատելու: Սակայն մինչև այդ Աշուղ Ղարիբն իր սիրած էակից խոստում է առնում` յոթ տարի սպասել իրեն: Պայման է դնում, որ եթե ուշանա անգամ մեկ օր, աղջիկը թող ամուսնանա հոր ցանկությամբ: Այդ յոթ տարիները շատ դժվար են անցնում Աշուղ Ղարիբի համար: Նա զրկված էր իր գեղեցկուհուն տեսնելու հնարավորությունից, որևէ լուր չուներ նրա մասին, սակայն չէր հուսահատվում, այլ կարոտով սպասում այն օրվան, երբ նրանք կհանդիպեն, ընտանիք կկազմեն և ամբողջ կյանքը կապրեն միասին: Յոթ տարի շարունակ գիշերուզօր աշխատելով` Աշուղ Ղարիբը կարողություն ստեղծեց և տունդարձի ճամփա ընկավ: Ճանապարհը լի էր փորձանքերով և խոչընդոտներով: Թվում էր, թե Աշուղ Ղարիբն իր հույսը պետք է կորցնի, չի հասնի իր սիրած էակին: Այդ ամենից դրդված՝ նա ազնիվ սրտով և արդար մտքով աղոթում է սուրբ Սարգսին` հայցելով արագահաս սրբի օգնությունը: Սուրբ Սարգիսը, լսելով սիրահարված Աշուղի աղոթքը, իր արագահաս ճերմակ նժույգով բարձրացրած մրրիկի մեջ իսկույն հայտնվում է, Աշուղ Ղարիբին նստեցնում ձիու գավակին և մեկ ակնթարթում հասցնում Շահ-Սանամեի մոտ: Աղջկա հայրը, տեսնելով Աշուղ Ղարիբի կամքը, կատարված հրաշքը, նրանց անկեղծ սերն ու նվիրվածությունը, օրհնում է երկուսի միությունը:

Սուրբ Սարգսին աղոթք էին հնչեցնում նաև այն սիրահար զույգերը, որոնք, իրենց ծնողների կամքին հակառակ, միասին փախել էին տնից: Նրանք գիշերուզօր աղոթում էին, որպեսզի բարեգութ սուրբը մեղմացնի, հանդարտեցնի իրենց զայրացած ծնողների սրտերը՝ իրենց ներելու ակնկալիքով: Սրբին աղոթում և նրա օգնություն էին ակնկալում նաև հղի կանայք:

Սուրբ Սարգսին բնորոշում են մի քանի անվանումներով՝ «բարեխոս», «ատենահաս» «շնորհատու», «արագահաս» և այլն: Այն խորհրդանշում է սրբի՝ ժամանակին օգնության հասնելը, փրկելը: Իսկ պարսիկները նրան կոչել են «անհաղթ վկա պարսից և կատարող բոլոր խնդրվածքների»:

Սուրբ Սարգսի գլխավոր և ամենատարածված արարողությունը աղի բլիթի պատրաստումն ու օգտագործումն է, որը, ի դեպ, շատ տարածված է նաև մեր օրերում: Ուրբաթ երեկոյան, երիտասարդներն աղի բլիթ են ճաշակում՝ գիշերն իրենց ապագա սիրեցյալին տեսնելու հույսով:  Յուրաքանչյուրը հավատում է, որ այդ գիշեր երազում իրեն ջուր տվողն իր կյանքի ընկերն է լինելու: Եթե բաժակը լիքը լինի, ապա շատ երկար են միասին ապրելու, եթե կիսատ՝ կյանքի կեսը, իսկ եթե քիչ՝ ընդամենը մի քանի տարի կամ՝ ավելի կարճ:

Նախկինում սուրբ Սարգսի տոնին երեխաներին նվերներ էին տալիս: Մասնավորապես, երդիկից կախված գուլպաների մեջ տատիկները սովորաբար դնում էին տոնի ծիսական կերակուրներից և մի քանի մանրադրամ : Այս սովորույթն Ուշիում մինչ օրս պահպանվել է, ճիշտ է՝ մի փոքր փոփոխված: Այդ օրը ծնողները երեխաների համար նվերներ են գնում:

Ոչ վաղ անցյալում սուրբ Սարգսի տոնին շատ էին հարսանիքները: Իսկ ապագա հարսի տեղը մատնանշելու համար մեծերը յուրօրինակ եղանակ էին ընտրել: Աթարից ամրոց էին պատրաստում և ցախավել դնում գագաթին, որը նշանակում էր, որ այդ տանը չամուսնացած աղջիկ կա: Տուկերի տակ քաղցր կոնֆետներ էին դնում՝ որպես շնորհակալություն սրբին՝ երջանկության և բախտավորության համար:

Պատկերագրության մեջ սուրբ Սարգիսը պատկերվում է ձիու վրա նստած՝ վիշապին խոցելիս: Հիմնականում սուրբը պատկերվում է որդու՝ Մարտիրոսի հետ միասին: Տարեգրությունում նրա ծննդյան մասին ստույգ տեղեկություններ չկան, մահվան թվականը նշվում է 362-ը կամ 363-ը, մահվան վայրը նշվում է Պարսկաստանի Դաղման քաղաքը:

Վերոնշյալ ավանդույթների մեծ մասն այսօր չեն կիրառվում, սակայն այդ մասին վկայող ավանդազրույցներն ու պատմությունները դարերով պատմվել ու մեզ են հասել: Իսկ տոնի խորհուրդն էլ ավելի կարևորվել և ամեն մի հայի հասանելի է դարձել:

Translate »