Սրվեղի վանք

Սրվեղի վանքը գտնվում է Այգեհովիտ գյուղից մոտ 3 կմ հարավարևմուտք, սարալանջին, «Խաչի տակ» կոչվող վայրում: Միջնադարյան Հայաստանի Կայան գավառի (վաղ միջնադարում` Գուգարաց աշխարհի Ձորոփոր գավառ) հոգևոր ու մշակութային կենտրոններից է: Հուշարձանախումբը բաղկացած է երկու եկեղեցիներից, միաբանների բնակելի և տնտեսական շինություններից: Շրջափակված է պարսպապատով: Պարսպից մնացել են միայն հիմնապատերը: Պարսպից դուրս, վանքի շրջակայքում կան այլ շինությունների մնացորդներ, տապանաքարեր, խաչքարեր: Պահպանվել են ջրատար կավե խողովակներ: Վանքի ջուրը բերվել է մի քանի կիլոմետր հեռավորությունից` մոտակա լեռներից:

Գլխավոր եկեղեցի (Ս. Նշան) – գմբեթավոր դահլիճ տիպի է` արևելյան խորանով, կրկնահարկ զույգ ավանդատներով, սլացիկ, սրածայր վեղարով` պսակված բազմանիստ գմբեթով: Կառուցված է թրծված աղյուսով: Պատերի ստորին շարքերը մոտ մեկ մետր բարձրությամբ շարված են մուգ վարդագույն անդեզիտի սրբատաշ քարերով: Սա Հայաստանում կառուցված սակավաթիվ աղյուսաշեն հուշարձաններից է: Եկեղեցու բեմի վիմաքարի ճակատին զետեղված կիսաեղծ արձանագրության մեջ հիշատակվում է Ս. Նշան անունը: Կառուցման թվականը հայտնի չէ, ենթադրվում է` XII-XIII դդ.: Պատերի շարվածքում դրված են տարբեր դարաշրջանների խաչքարերի քանդակազարդ և արձանագիր բեկորներ: Դրանք բոլորն էլ պատկանում են մեկ այլ, ավելի հին կառույցի: Եկեղեցու շուրջը միջնադարյան գերեզմանոց է։
Եկեղեցին բազմիցս նորոգվել է: Ամբողջովին վերանորոգվել են արևելյան ճակատի երկու անկյունները, բեմի կենտրոնական մասը, արևմտյան դռան շրջանակը, անկյունային հատվածները, մասնակի վերանորոգման է ենթարկվել նաև գմբեթը:

Ս. Աստվածածին եկեղեցի – գտնվում է գլխավոր եկեղեցու հյուսիսային կողմում: Ավերակ է: Միանավ դահլիճ տիպի է: Կառուցվել է 1889 թ. գյուղի համայնքի կողմից` Տեր Հովհաննես քահանայի առաջնորդությամբ: Պատերի մեջ դրված են քանդակազարդ խաչքարերի բեկորներ և ամբողջական խաչքարեր: Հատակին կան խոշոր տապանաքարեր:

Ձիթհանք – վանքապատկան կառույց է, գտնվում է վանքի պարսպից դուրս, արևմտյան կողմում: Մնացել են միայն ավերակ հիմնապատերը:

Translate »