ՏԱՎՈՒՇԻ ԶՈՀՎԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՐԵԽԱՆԵՐՆ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵՑԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ

«Դուք բոլորից լավ գիտեք` ինչ է նշանակում սահման, ինչ է նշանակում հայրենիքի պաշտպանություն». ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հունվարի 10-ին ՊՆ վարչական համալիրում հյուրընկալել է Տավուշի մարզի զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին:

Արդեն երկու տարի է` Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի նախաձեռնությամբ և բարերար Կարո Առաքելյանի հովանավորությամբ Տավուշի մարզի զոհված զինծառայողների երեխաների համար ամանորյա տոներից հետո Երևանում կազմակերպվում է երկօրյա ճանաչողական ծրագիր, որի շրջանակում երեխաներն այցելում են թանգարաններ, եկեղեցիներ և թատրոններ:

«Մենք գիտենք, որ երբեք չենք վերադարձնի ձեր օջախի ամենամեծ ու ամենակարևոր բանը` ձեր ծնողների, ամուսինների ներկայությունը: Միակ սփոփանքը, թերևս, այն է, որ ձեզ հետ միասին ժողովուրդն էլ է ապրում այդ ցավը, կիսում կորուստը: Դուք բոլորից լավ գիտեք` ինչ է նշանակում սահման, ինչ է նշանակում հայրենիքի պաշտպանություն: Իսկ ձեզ, սիրելի՛ բալիկներ, ուզում եմ խնդրել, որ շատ լավ սովորեք, որովհետև դա ամենամեծ պարտականությունն է ձեր հայրերի հիշատակի հանդեպ: Հավատացե՛ք, նրանք ընդամենը երկու բան կուզեն, որ դուք առողջ լինեք և լավ սովորեք, որ կարողանաք ամուր կանգնել ձեր ոտքերի վրա»,- ասել է Վիգեն Սարգսյանը:

Հանդիպման ավարտին, շնորհակալություն հայտնելով նախաձեռնությանն աջակցելու համար, ՀՀ պաշտպանության նախարարը բարերար Կարո Առաքելյանին պարգևատրել է Մարշալ Բաղրամյանի 120-ամյակին նվիրված հատուկ հուշամեդալով:

18724
18724
« 1 of 14 »
Translate »