Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյան

ԱՌԱՋՆՈՐԴ ՏԱՎՈՒՇԻ ԹԵՄԻ

Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյան, (ծնվել է՝ մայիսի 20, 1971), Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն։

Ծնվել է 1971 թ. մայիսի 20-ին Գյումրիում: Ծնողներն պարսկահայեր են՝ Իրանի Սանգիբարան գյուղից: Ամբողջ ընտանիքով 1971 թ. ներգաղթում և հաստատվում են Գյումրիում, ապա՝ 1977-ին տեղափոխվում Երևան:

1978 – 1988 թթ. սովորել է Երևանի թիվ 156 դպրոցում։

1988 – 1994 թթ. ուսանել է Գևորգյան Հոգևոր Ճեմարանում:

1994 թ. Անանիա եպիսկոպոս Արաբաջյանի կողմից ձեռնադրվել է սարկավագ։

1995 թ. գերազանց առաջադիմությամբ ավարտում է ճեմարանը, պաշտպանում «Խոսրով Եպիսկոպոս Անձեւացու Ժամակարգութեան մեկնութիւնն ու աստուածաբանութիւնը (նորագիւտ ձեռագրերով եւ մատենագիտական ուսումնասիրութեամբ)» վերտառությամբ ավարտաճառ։

Գևորգյան հոգևոր ճեմարանն ավարտելուց հետո նույն թվականի հուլիսի 23-ին, այդ տարի՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնին, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Ա-ի կողմից ձեռնադրվել է կուսակրոն քահանա։

Ձեռնադրվելուց հետո մինչև 1998 թ. եղել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Ա-ի գավազանակիրը։

1996թ. նշանակվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Էջմիածին» պաշտոնական ամսագրի գլխավոր խմբագիր։ Միաժամանակ նշանակվել է նաև Քրիստոնեական դաստիարակության և քարոզչության կենտրոնի փոխտնօրեն՝ ուսուցիչների վերապատրաստության ծրագրեր վարելով Արմավիր, Մասիս, Արտաշատ, Ապարան քաղաքներում և Հայաստանի Ամերիկյան համալսարանում: Հայաստանում քրիստոնեական առաջին՝ «Կանթեղ» հեռուստանախագծի հիմնադիր անդամ է։

1996-1998 թթ. նաև Սուրբ Պատարագի մեկնություն, Շարականագիտություն և Ընդհանուր Եկեղեցու պատմություն է դասավանդել Գևորգյան Հոգևոր Ճեմարանում և Վազգենյան դպրանոցում:

1998-2000 թթ. սովորել է Անգլիայի Լիդսի համալսարանում, Մըրֆիլդի Սուրբ Հարության Աստվածաբանական քոլեջում:Ուսանելու տարիներին եղել է նաև Մանչեստրի հայկական Սուրբ Երրորդություն եկեղեցու այցելու հովիվը։

1996-2000թթ. եղել է Հայաստանում Քրիստոնեության պետական կրոն հռչակման 1700-ամյակի կազմակերպման կենտրոնական մարմնի անդամ։ 2000 թ. Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի տնօրինությամբ նշանակվել է Սևանի Վազգենյան դպրանոցի տեսուչ։ Տեսչի պաշտոնում դասավանդել է Ընդհանուր Եկեղեցու պատմություն, Հովհաննու Ավետարանի մեկնություն, Եկեղեցական երաժշտություն առարկաները։ Հիմնադրել է Վազգենյան դպրանոցի «Լուսավորիչ» երգչախումբը։

2002 թ. պաշտպանում է վարդապետական «Հիւանդաց Օծման խորհուրդի խնդիրը Հայ Եկեղեցում» թեզը և ստանում մասնավոր վարդապետության 4 աստիճանները։

2002 թ. տեսչի պաշտոնին զուգահեռ նշանակվել է նաև Մայր Աթոռի նորահաստատ Մամուլի, լրատվության և Հասարակական կապերի գրասենյակի տնօրեն, եղել է «Շողակաթ» հեռուստաընկերության տնօրենների խորհրդի նախագահ։ Հիմնադրել և վարել է «Ճանաչենք Ավետարանը» հաղորդաշարը։

2002թ.-ին զուգահեռաբար նշանակվել է նաև Արագածոտնի թեմի առաջնորդական տեղապահ։ Փոխառաջնորդության կարճ շրջանում Օշականում հիմնադրել է մանկական պարի խումբ և երգչախումբ, ընդարձակել և վերակազմավորել է թեմի Քրիստոնեական Դաստիարակչության կենտրոնը, Թալինում Երիտասարդական կենտրոն ստեղծել։

2003 թ. մայիսի 31-ին Կանադահայոց թեմի 20-րդ պատգամավորական ժողովում ընտրվել է Կանադայի հայոց թեմի առաջնորդ։Նույն թվականի հունիսի 22-ին՝ Սուրբ Էջմիածնի տոնին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի կողմից ձեռնադրվել է եպիսկոպոս։ Առաջնորդության տարիներին բարեգործության նպատակով հիմնում է «Հայ տուն» կազմակերպությունը՝ անօգնական տարեցներին եւ հիվանդներին օգնելու, ինչպես նաև Իրաքից պատերազմի պատճառով Կանադա գաղթած իրաքահայերին աջակցելու համար, կազմավորում երիտասարդական խմբեր, մանկական երգչախումբ և այլն։

2012 թ. Մոնրեալի Կոնկորդիայի համալսարանում պաշտպանել է աստվածաբանության եւ կենսաբանական բարոյագիտության դոկտորական թեզ (M.A) «Հայաստանի Առողջապահական Համակարգը. պատմական, սոցիալական եւ աստվածաբանական եզրաշերտը, անցեալը ներկան եւ ապագայի զարգացման հեռանկարը» վերնագրով։

2013 թ. վերադարձել է Հայաստան։ Նույն տարվանից հանդիսանում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրենը։

2013 թ. արժանացել է Անգլիայի Թագուհի Եղիսաբեթ II-ի ադամանդյա հոբելյանի մեդալին։

Հրատարակել է բազմաթիվ աստվածաբանական, հասարակական, քարոզախոսական, մշակութային հոդվածներ, «Խոհեր» հոգևոր-խորհրդածական գրքույկը։

2015 թ. Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը նշանակվել է Տավուշի թեմի առաջնորդ։

2015 թ. սեպտեմբերի 21-ին Բագրատ եպիսկոպոսի նախաձեռնությամբ Հաղարծնում տեղի է ունեցել թեմի Երիտասարդաց միության անդրանիկ հավաքը, կազմավորվել է Երիտասարդաց միության Կենտրոնական խորհուրդ։

«Իջևան» հեռուստաընկերության եթերում հեռարձակվել է նրա հեղինակային «Աստվածաշունչը մեր կյանքում» հաղորդաշարը։

Տավուշում իրականացվել է «Մեկ համայնք, մեկ դպրոց» ծրագիրը, որի շրջանակներում կիրակնօրյա դպրոցներ են բացվել Տավուշի 43 համայնքներում։

2017 թ. հուլիսի 25-ին Վեհափառ Հայրապետի տնօրինությամբ Բագրատ Սրբազանը նշանակվել է Գերագույն հոգևոր խորհրդի անդամ:

Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը պարբերաբար այցելում է սահմանապահ զորամասեր, համայնքներ, իրականացնում բազմաթիվ այլ ծրագրեր։

Translate »