Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

ԱՄԱՆՈՐՅԱ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ՏԱՎՈՒՇ ԳՅՈՒՂՈՒՄ

ՏաՀույսում շարունակվում են Ամանորի և Սուրբ Ծննդյան միջոցառումները․ Տավուշ գյուղում խաղաղության ու սիրո տոն էր։

Դեկտեմբերի 25-ին Տավուշի դպրոցական ջերմ հարկի ներքո էին համախմբվել Նավուրի, Բերդի կիրակնօրյա դպրոցների և Տավուշ գյուղի «Լույս Մանկանց» ծրագրի սաները՝ մոտ 150 հոգի։ Մանուկների շուրթերից հնչեց Սուրբ Ծննդյան պատմությունը, նրանց երգով ու աղոթքով ևս մեկ անգամ ներկաների սրտերին հասավ Սուրբ Ծննդյան խաղաղության պատգամը։

«Խաղաղության ավետիսն առավել որևէ տեղ ավելի շոշափելի, զգալի չէ, քան մեր տարածաշրջանում, Մեր երեխաները այդ ավետիսը, այդ աղոթքը, այդ պատգամն են հղում, մենք էլ պետք է գործենք ամբողջ ուժով, որպեսզի մեր խաղաղությունը լիակատար լինի, ամբողջական, զգալի, շոշափելի և նյութականացած․․․»․ իր խոսքում նշեց մանուկներին այցի եկած Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը։

Նա նաև շնորհակալություն հայտնեց ներկա գտնվող ծնողներին՝ իրենց զավակներին վստահելու, այս կարևոր հոգևոր առաքելությանը նվիրելու համար․ «Մեզ համար կարևոր է մեր զավակների ամբողջական կյանքը՝ հոգու, մտքի և մարմնի․ առողջ, պաշտպանված, անվտանգ և հավատքով ու սիրով լեցուն կյանք․ սա է մեզ առաջնորդողը»։

Միջոցառման ավարտին մանուկները Սուրբ Ծննդյան նվերներ ստացան՝ պատրաստված ԵՀԽ «Կլոր Սեղան» գրասենյակի, ինչպես նաև Տավուշի թեմի կանադահայ ու լոսանջելեսաբնակ մի խումբ բարեկամների աջակցության շնորհիվ։

Տարածաշրջանի հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Արամ քահանա Միրզոյանի խոսքերով՝ այս օրերին «մանուկների շուրթերից հազարավոր խաղաղության ավետիսի հնչյուններ են առ Աստված բարձրանում, և մենք առավել քան վստահ ենք, որ այդ աղոթքները պետք է տեղ հասնեն»։

Translate »