Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

Աստվածածնի վերափոխման տոն և խաղողօրհնեք: Եպիսկոպոսական Սուրբ Պատարագ Գոշավանքում

Օգոստոսի 14-ին՝ Սուրբ Մարիամ Աստվածածնի տոնի օրը, Տավուշի թեմի գերաշնորհ առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը եպիսկոպոսական Սուրբ և Անմահ Պատարագ մատուցեց Գոշավանքում: Պատարագին ներկա էին Երևանի Մատենադարանի գիտաշխատողները, Գոշ գյուղի բնակիչներ, ուխտավորներ: 

Իր քարոզում Տավուշի թեմի առաջնորդը խոսեց այն մասին, թե ով է Մարիամ Աստվածածինը մեզ համար, և այսօր ինչ նշանակություն ունի նրա կյանքը. «Աստվածամայրը այն մարդկանց հավաքական կերպարն է, որոնք ապրում են Աստծո հետ խաղաղության, ներդաշնակության ու համաձայնության մեջ: Եթե չլինեին իր այս համաձայնությունն ու ներդաշնակությունը, նա երբեք Աստվածորդու մայրը չէր կարող դառնալ: Եթե չկա Աստծո հետ ներդաշնակության մեջ ապրելու սրտի համաձայնությունը, ապա մեր ողջ արածը դառնում է միայն արտաքին զուտ արտաքին բարեպաշտություն: Մեր կյանքի սիրո տառապանքի միջից մեր համաձայնությունը, հաշտությունը, Իրեն հրավիրելու մեր կյանք, համաձայնելու, մեզ հետ ապրի, մեզ հետ գործի, մեզ համագործակից դառնա. այս համաձայնության մեջ է, որ կկարողանանք պտղաբերել, ծնել և այդ համաձայնության մեջ է, որ կապրենք ներդաշնակության մեջ»:

Պատարագի վերջում կատարվեց խաղողօրհնեքի արարողություն:  

Translate »