Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

Գոշավանքի ասեղնագործ խաչքարը կամ Վարպետ Պողոսի եզակի ստեղծագործությունն աշխարհում:

Գոշավանքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մուտքի աջակողմում ավելի քան 7 դար կանգուն է մի խաչքար (1291թ.)՝ Պաւղոս ստորագրությամբ: Ո՞վ է Պաւղոսը: Անշուշտ, մեկը մեր հանճարեղ վարպետներից, մի ճգնավոր, ով 2.5 մ բարձրությամբ և 2 մ լայնությամբ բազալտե ժայռաբեկորից հրաշք է կերտել՝ տարիների համբերատար, գերմարդկային աշխատանքով, առանց նյութական որևէ ակնկալության:

Խաչքարն ապշեցնում է վարպետի հանդգնությամբ՝ բազալտե հսկա ժայռաբեկորի մակերեսը ծածկելու մի այնպիսի նրբին, հյուսկեն ցանցով, որ ժայռն աննյութականացնելու պատրանք ստեղծի:

Այս խաչքարի հիմքում զետեղված բոլորակի կենտրոնի փոսորակը խորհրդանշում է ցորենի հատիկի ծլարձակումը, իսկ բոլորաձև զարդաքանդակը՝ հատիկից հառնած կենաց հացը: Խաչի բունը պսակված է խաչբուռով: Ի՞նչ է խաչբուռը: Հայ երկրագործները սովորություն ունեին հունձքից հետո ցորենի հասկերից պսակ (խաչբուռ) հյուսել, որը տանում էին, կախում իրենց տան սյուներից կամ զետեղում ճակատին որպես ընտանիքի բարօրության խորհրդանշան: Հեթանոսական շրջանի հայ երկրագործը պարտավոր էր երկրագործության հովանավոր Վանատուր աստծուն «Ամենայն նորոց պտղոց» տուրքը մատուցել: Քրիստոնեությունն այդ ծեսը ընդունել է խաչբուռ հյուսելու ձևով:

Խաչի թևերի վերադաս զարդերը ողկույզներ են՝ խաղողի, գինու խորհրդանիշը:

Այսքան պարզ ու վսեմ այս և այլ խորհրդանշանները մեր խաչքարակերտ վարպետները դարեդար դրոշմել են ժայռաբեկորներին՝ ստեղծելով մեր խաչքարային արվեստը, որն իր ինքնատիպությամբ եզակի է աշխարհում: 

Translate »