Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

Եպիսկոպոսական Սուրբ Պատարագ հակառակորդի դեմ դիմաց. Այգեպար

Սահմանապահ Այգեպար գյուղի միջնակարգ դպրոցը ողողված էր խաղաղությամբ ու սիրով: Այսօր՝ փետրվարի 5-ին, այստեղ եպիսկոպոսական Սուրբ և Անմահ Պատարագ մատուցեց Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը: Պատարագին մասնակցում էին այգեպարցիներ, ինչպես նաև բնակիչներ Բերդի տարածաշրջանի այլ բնակավայրերից:

Այգեպարցիների համար սահմանապահ լինելու իրականությունն ամենօրյա կյանքով է արտահայտվում: Այգեպարում տներն ադրբեջանական սահմանից 100 մետր հեռավորության վրա են, մանկապարտեզն ու դպրոցը՝  700 մետր, և այս առումով այն ամենաթիրախային համայնքներից մեկն է: Գյուղը հիմնադրվել է 1937 թվականին, և մինչև այժմ Այգեպարում երբեք Սուրբ Պատարագ չէր մատուցվել: Այս համայնքի հոգևոր հովվությունն իրականացնող Տեր Արամ քահանա Միրզոյանի խոսքով՝ սահմանագծին ապրող ժողովուրդը վկայում է իր կյանքով և արժանի է լավագույնին. «Այսօր մենք կանգնած ենք հակառակորդին դեմ հանդիման, և դրանով վկայում ենք, որ այստեղ մենք ենք՝ մեր տեսակով, մեր դիմագծով, մեր հավատքով: Այստեղ ապրում են հայ քրիստոնյաներ, այստեղ ապրում է Խաչյալ Փրկչին հավատացող ժողովուրդ»:

Սուրբ Պատարագի խորհրդի օրհնությունը ողջ գյուղում տարածվեց Այգեպարի միջնակարգ դպրոցի՝ դիրքերին նայող պատուհաններից մեկի առջևից: Իր քարոզում թեմակալ առաջնորդը խոսեց Ավետարանի այսօրվա պատգամի մասին.

«Այսօր Ավետարանը խոսում էր փոթորկի մասին, և ապա՝ անհանգստացած մարդկանց կողքին Մեր Տիրոջ հայտնվելու, այդ ծովը զսպելու, ալիքների վրայով քայլելու, իշխանություն ունենալու, և Իր հետևորդներին մի հստակ պատգամ տալու մասին, ասելով՝ «Ես եմ, մի՛ վախեցեք»: Ես հավատում եմ, որ մեր կյանքի բոլոր փոթորիկների մեջ մենք տեսել, բայց շատ հաճախ չենք զգացել մեր Տիրոջ զսպող ներկայությունը, ով անընդհատ մեզ ոչ միայն շշնջում է, այլև հռչակում է, ասելով՝ «Մի՛ վախեցեք, Ես Եմ»:

«Այս խոսքերն են մեզ այսօր Այգեպար բերել, և այս արտահայտությունն է, որ ձեր կյանքի իմաստն ու առանցքն է կազմում: Դուք այս համայնքում ապրում եք առանց պարտադրանքի: Կյանքի ծովի փոթորիկների ալիքների միջից ձեր հայացքն անընդհատ ուղղում եք դեպի այն մեծ տեսիլքը, որով հայտնվում է մեր Տերը, ասելով՝ «մի՛ վախեցեք, Ես Եմ»: Սա անում եք մեծով ու փոքրով, ավագից մինչև կրտսեր: Սա անում եք այս դպրոցում կրթվելով, ձեր ամենօրյա կյանքը շահեցնելով, ստեղծագործելով, փորձելով ելքեր գտնել նաև մեզ այսօր պարտադրված իրավիճակից:

«Դուք իրոք քաջ ու հերոսական ժողովուրդ եք, որովհետև դուք Աստծո խոսքերը ոչ միայն խոսքով, այլ ամենօրյա կյանքով եք ապրում, ամեն պահ լսելով՝ «մի՛ վախեցեք, Ես, Եմ»:

Բագրատ Սրբազանը նշեց, որ այգեպարցիների հավատքի ու քրիստոնեական ինքնության մեծագույն արտահայտությունը նրանց ամենօրյա կանքն է այստեղ. «Չեմ ուզի, որ մեր երեխաները խոսեն կռվից, պատերազմից, փամփուշտից ու հրացանից: Չեմ ուզի, որ կրակոցից չվախենան: Բայց ստիպված ենք եղել, դուք եք ինքներդ ձեզ ստիպել: Դա հայրենիքի տեր լինելու և ձեր քրիստոնեական ինքնության լավագույն արտահայտությունն է, որի համար ես ամեն օր շնորհակալություն եմ հայտնում Աստծուն, որ մեզ այսպիսի ժողովուրդ է պարգևել: Որպես այս թեմի առաջնորդ՝ այսօր նաև երախտագիտության զգացումով եմ ոտք դրել այս համայնք՝ այսօրվա Սուրբ Պատարագը որպես երախտագիտության Պատարագ ընծայելու ձեզ»:

«Թող լռեն բոլոր տեսակի ատելության ձայները, լսելի լինեն միայն խաղաղության ավետիսները, ու մեր ականջներում ու սրտերում անդադար հնչեն մեր Տիրոջ խոսքերը, որ ասում է՝ «մի՛ վախեցեք, Ես Եմ»:

Սուրբ Պատարագից հետո կատարվեց նաև Ջրօրհնեքի արարողություն, և խաչքավոր դարձավ պարոն Գագիկ Ադամյանը: Ապա օրհնված ջուրը բաժանվեց այգեպարցիներին՝ իրենց տները տանելու:

Translate »