Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

Խաչվերացը Սուրբ Մակարավանքում

Խաչվերացի տոնին Սբ․ Մակարավանքում Արժանապատիվ Տ․ ԱՐՇԱՎԻՐ քահանայի կողմից մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ՝ հիշատակելով Սբ․ Խաչվերացի տոնը, որը համարվում է հինգ տաղավար տոների վերջինը։
Սրբազան արարողությանը ներկա էին Իջևանի տարածաշրջանի Ծաղկավան համայնքի 9-րդ դասարանի աշակերտները՝ պարոն Մհեր Պետրոսյանի ղեկավարությամբ, Աչաջուր համայնքի հավատացյալներ և Երևան քաղաքից ժամանած մի խումբ ուխտավորներ։
Տեր Արշավիրն իր քարոզում մանրամասնորեն ներկայացրել տոնի պատմությունը և նրա նշանակությունը հայ հավատավոր հայորդիների կյանքում։ Նա նշեց, որ այս գեղեցիկ տոնը իր վերջնական հաստատումը ստացել է 7-րդ դարում, երբ Պարսկաստանի Խոսրով ամբարիշտ թագավորը 610 թ․-ին կամենալով իրեն հպատակեցնել Հերակլ կայսերը, նամակով կոչ է արել գալ և ընդունել իր գերազանցությունը: Պարսիկ թագավորը կայսրից մերժում է ստացել և Խոռեմ զորավարին 614 թ․-ին ուղարկել է Երուսաղեմ՝ այն գրավելու համար։ Պարսիկները մուտք են գործել սուրբ Հարության տաճար և եկեղեցական ոսկյա և արծաթյա սպասքների հետ բռնագրավել նաև սուրբ Խաչը՝ տանելով Պարսկաստան: Երբ պարսկական զորքը մոտեցել է թագավորանիստ քաղաքին, Խոսրովն ընդառաջ է ելել՝ դիմավորելու Տերունական Խաչին, որից Քրիստոսի Խաչն ակամա փառավորվել է։
Կայսրը հուսահատված իր կրած պարտությունից քուրձ է հագել և երեք օր շարունակ աղոթքի կանգնել՝ խնդրելով Սբ․ Մարիամ Աստվածածնի բարեխոսություն, իսկ չորրորդ օրը նշան է տրվել նրան, որ հաղթանակ է տանելու առաջիկա պատերազմում: Եվ իսկապես․ ճակատամարտում Հերակլը հաղթանակ է տանում: Սկզբում Խաչը Պարսկաստանից հանդիսավոր թափորով փոխադրվում է հայոց Կարին քաղաք, ապա այնտեղից՝ Կոստանդնուպոլիս և հետո՝ Երուսաղեմ: Խաչափայտն աննկարագրելիորեն մխիթարում ու ոգևորում է բարեպաշտ հավատացյալներին: Այդ դեպքերն էլ պատճառ են դառնում «Խաչվերացի» տոնի հաստատման համար:
Տեղական ավանդությունը պատմում է, որ պարսիկները փորձում են խաչափայտը ետ վերադարձնեն։ Հռոմեացիները Կարնո դաշտում խաչափայտը կանգնեցնելով՝ ճակատամարտում ետ են մղել ընդդեմ պարսիկների և հաղթանակ տանում։ Վերադարձին տեսնում խաչափայտի դրված տեղից վճիտ աղբյուր է բխում։
Սա սքանչելի տոնը, որը ժողովրդական բառբառով շատ հաճախ կոչվում է նաև Սբխեջ, տոնվել է մեծ շուքով և հանդիսավորթյամբ՝ պարգևելով զորություն հայ ժողվրդին, և այսօր էլ այն շարունակվում է նույն ոգևորությամբ և էությամբ՝ պարգևելով Մեզ ամենքիս նույնանման աստվածային զորություն և հաղթություն՝ ևս մեկ անգամ վկայակոչելով այն աստվածադիր պատգամը, որ մեր Տեր Հիսուս Քրիստոս մարդկության փրկության համար խաչը բարձրացավ, որպեսզի ով նրան հավատա, չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա, որովհետև Աստված իր Միածին Որդուն չուղարկեց աշխարհ, որ դատապարտի աշխարհը, այլ՝ որպեսզի աշխարհը նրանով ապրի։
Հավարտ Պատարագի երգվեց Խաչի քո Քրիստոս ․․․ հոգեզմայլ շարականը և կատարվեց անդաստանի կարգ՝ բաժանելով ներկաների օրհնված հեռաններ, իսկ արդեն Երևանից եկած ուխտավորներին տեր հայրի կողմից ներկայացվեց վանքի պատմությունը և նրա անցած ճանապարհը:
ԹՈՂ ԱՍՏՎԱԾ ԻՐ ԿԵՆԱՐԱՐ ԽԱՉՈՎ ՊԱՀԻ ԵՎ ՊԱՀՊԱՆԻ ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀԸ ԵՎ ՀԱՅՈՑ ԵԿԵՂԵՑԻՆ․ ԱՄԵՆ

Translate »