Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

Կիրակնօրյա դպրոցը՝ միայն ուրախության վայր. Տավուշի թեմում շարունակվում է «Մեկ համայնք, մեկ դպրոց» ծրագիրը

Տավուշի Գոշ, Խաչարձան և Աղավնավանք համայնքներն այսուհետ հոգևոր դաստիարակաության կենտրոններ ունեն: Նոյեմբերի 16-ին այս համայնքներում բացվեցին հերթական Կիրակնօրյա դպրոցները:

Գոշի, Խաչարձանի և Աղավնավանքի Կիրակնօրյա դպրոցներին աջակցում են արգենտինաբնակ հայ բարերարներ Արթո և Հիլդա Կալչյանները: Դպրոցները հանձնված են Տեր Սեդրակ քահանա Աղասյանի և Գոշավանքի վանահայր Սամվել վարդապետ Մխիթարյանի հոգևոր խնամքին:

Գոշ.
«Դուք Մխիթար Գոշի զավակներն եք…»
Գոշի Կիրակնօրյա դպրոցում քրիստոնեական դաստիարակություն կստանա 71 աշակերտ: Թե՛ Կիրակնօրյայի ուսուցչուհի տիկին Աննան և թե՛ հոգևոր հովիվները հուսալից են մոտ ապագայում որպես դպրոց և որպես համայնք տեսնել ու քաղել դպրոցի գործունեության բարի պտուղները: Տավուշի թեմի առաջնորդի խոսքով՝ այս դպրոցը պետք է լինի և լինելու է ամենօրինակելին՝ արժանի մեծ վարդապետ Մխիթար Գոշի անունին և հարազատ նրա կյանքին. «Վստահ եմ, որ դուք ավելի շատ ոչ թե սովորելու եք, այլ մեզ եք սովորեցնելու, թե ինչպես պետք է ապրել»:

Խաչարձան.
Գյուղը՝ Խաչի անունով
Խաչարձան գյուղն ընկած է երկու վանքերի՝ Գոշավանքի և Աղավնավանքի մեջտեղում՝ երկու հոգևոր օջախների խաչմերուկում: Սեպտեմբերին Խաչարձանում բացվեց հավատքի պուրակը, 130 խաչարձանցիներ մկրտվեցին:Հոգևոր կրթություն ստանալու ցանկությամբ լի մանուկներին ու պատանիներին հորդորը մեկն է՝ սովորել, չմոռանալ և ստացածն անպայման փոխանցել ուրիշներին:
Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը մաղթեց Կիրակնօրյա դպրոցի սաներին, որ Խաչարձանի դպրոցը լինի միայն ուրախության և սիրո վայր: «Աստված Սեր է, և այդ Սերն արտահայտվում է մարդկանց սիրելով: Եթե մարդը մարդուն չսիրեց, չի ապրի այդ Սերն ու կյանք չի ունենա: Թող այս դպրոցում դուք երբեք դառնություն ու հոգնություն չունենաք, այլ միայն ուրախություն և Աստծո Սիրո միջից կարողանաք սիրել իրար»:

Աղավնավանք.
Աղավնավանքի դպրոցի 41 աշակերտներից Կիրակնօրյա է հաճախելու 35-ը: Հոգևոր դաստիարակության կենտրոնը միտված է ոչ միայն գիտելիք տալու, այլև օժանդակելու երեխաներին իրականություն դարձնելու, այն ինչ իրենք ուզում են անել: «Կապ չունի, թե ոորտեղ եք ապրում. փոքր համայնքում, մեծ քաղաքում…կարևորը՝ ինչ եք ուզում անել և ինչպես: Եվ դուք կարող եք անել»:

Տավուշի թեմում «Մեկ համայնք, մեկ դպրոց» ծրագրի ընթացքը շարունակվում է: Մինչ այսօր Տավուշում բացվել են երկու տասնյակից ավելի Կիրակնօրյա դպրոցներ: Մի քանի տարվա ընթացքում Տավուշի համայնքներում 70 Կիրակնօրյա դպրոց կհիմնվի՝ առաքելություն ունենալով Աստծուն տանել յուրաքանչյուր համայնք և յուրաքանչյուր տուն:

Translate »