Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

Հաղարծնի շաբաթ. «Թող Հաղարծնի շաբաթը դառնա թթխմոր» Միքայել եպիսկոպոս Աջապահյան, առաջնորդ Շիրակի թեմի

Շիրակի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Միքայել եպիսկոպոս Աջապահյանի՝ «Գեղարդ» երգեցիկ խմբի համերգից հետո խոսքից.

Այսօր վերստին համոզվեցի, որ բարձր արվեստը երբեք ավելին չի լինում. երբեք չես կարող ձանձրանալ, երբեք չես կարող հոգնել: Ես էլ եմ երգչախմբին շնորհակալություն հայտնում, բայց նախ և առաջ պետք է շնորհակալություն հայտնեմ այս ամենի գլխավոր հեղինակին և մեղավորին՝ Սրբազանին, ով արդեն երկրորդ տարին է, որ այս հիասքանչ նվերը մատուցում է բոլորիս՝ այն ժողովրդին, ովքեր որ ցանկություն ունեն այս նվերից մաս և բաժին ունենալու:
Ինձ համար մեծ պատիվ է ունենալ Բագրատ Սրբազանի նման աշակերտ (Միքայել Սրբազանը դասավանդել է Տավուշի թեմի առաջնորդին Ճեմարանում-խմբ.): Նա այսօր այսպիսի մեծ խանդավառությամբ լծվել է թեմական ծառայության և ցույց է տալիս, որ, իրոք, թեմական առաջնորդությունը ծառայություն է, ոչ թե պատիվ ու փառք: Բագրատ Սրբազանը լրիվ նոր շունչ է հաղորդել այս հինավուրց թեմին, այս հինավուրց պատերին:

Վստահ եմ, որ այս համերգով և այս օրերի իրադարձություններով Խաչատուր Տարոնացու ոգին փառավորվում է, որ այս վանքի պատերի տակ ստեղծագործեց, և այստեղ էլ իր հանգիստը գտավ:

Ամբողջ ընթացքում այս էի մտածում. ինչքան լուրջ է մեր ժողովուրդը մոտեցել եկեղեցական երգեցողության ու երաժշտության նկատմամբ. ինչպես մեր վանքերն են լակոնիկ, փոքր, բայց լուրջ. ճոռոմություն չա, ավելորդություն չկա, ցուցամոլություն չկա՝ այդպես էլ մեր երաժշտությունն է: Մեր ժողովուրդը պետք է վերադառնա իր արմատներին և իրոք այդ մաքուր, զուլալ, անարատ, անապական երգը, երաժշտությունը, հային հայկական դարձնող ամենին փարվի և դրանք արժեք դարձնի:

Թող որ Բագրատ Սրբազանի կնքած ՏաՀույսի հույսը, միավորվելով հավատքի և սիրո հետ, ողողի մեր ամբողջ Հայաստան աշխարհը:

Թող Տավուշ աշխարհում Հաղարծին վանքի այս խորհրդանշական շաբաթը դառնա թթխմոր, որ կխմորի ողջ զանգվածը. մեր երկիրն ու մեր ժողովրդին:

Միքայել եպիսկոպոս Աջապահյան, առաջնորդ Շիրակի թեմի

Translate »