Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

Մենք այսօր գտնվում ենք Մխիթար Գոշի ապրած, աղոթած, արցունքներ թափած, ուրախությամբ ցնծացած, իր գրքերը գրված, այս օրը տեսած, 12-21-րդ դարն իր հայացքը ուղղած, իր հայացքի ներկայությունը կրող վայրում

Տավուշի թեմի երիտասարդաց միությունը թեմի առաջնորդ գերաշնորհ Բագրատ Սրբազանի օրհնությամբ այսօր  Կենարար, Սուրբ և Անմահ Պատարագի մասնակից էր պատմական Գոշավանքում:

Իր պատմական արժեքով և նշանակությամբ Գոշավանքի համալիրը հայ պատմամշակութային իրականության մեջ նմանը չունի:

Մեջբերում ենք Բագրատ Սրբազանի քարոզից մի փոքր հատված

«Կան մարդիկ, որ գալիս են, մտնում են տաճար, անցնում են, ինչպես ջուրը խողովակից, բայց չեն հավատում, ամբողջությամբ չեն միանում այդ տաճարին: Մարդիկ էլ կան, որոնք իրենք ուղղակի տաճարանում են՝ դառնում այդ ամբողջի մի մասը, այդ ամբողջ հոգևոր բովանդակության հետ: Մենք այսօր գտնվում ենք Մխիթար Գոշի ապրած, աղոթած, արցունքներ թափած, ուրախությամբ ցնծացած, իր գրքերը գրված, այս օրը տեսած, 12-21-րդ դարն իր հայացքը ուղղած, իր հայացքի ներկայությունը կրող վայրում…»:
«…Մենք կարող ենք համոզել աշխարհին ու մարդկանց, որ ճշմարտությունը ժառանգություն ստանալը միայն փչացնելով, միջից անցնելով չէ, այլև ճշմարտությունը ժառանգությունը ստանալու, այդ ժառանգությունը մաքրելու, զարդարելու և հաջորդին փոխանցելու մեջ է: Եվ սա միայն քարերի մասին չէ: Այս տաճարները մեր հավատքի վկայության արտահայտությունն են: Ինչպիսի շինություն որ կլինի, այդպիսի հավատք էլ մենք ենք: Ինչպիսի ճաք էլ որ լինի, այնպիսի ճաք մենք ունենք: Ինչպիսի փայլ, վեհություն էլ լինի, այդպիսի վեհություն էլ մենք ունենք…»

Տավուշի թեմի երիտասարդաց միության շարքերը համալրվել են Տավուշի Խաչարձան գյուղում ապրող, աշխատող, արարող մի խումբ նոր երիտասարդներով՝ Քնար Ավագյանի գլխավորությամբ, ովքեր կյանքով և խինդով են լցրել իրենց գյուղը:

Երիտասարդներին իրենց երկօրյա այցով մեծ ուրախություն էին պատճառել նաև սփյուռում ապրած և արարած բարեշնորհ Հրայր Սարկավագը, ով խորանում ծառայության երկար բացակայությունից հետո այսօր մասնակից դարձավ Սուրբ և Անմահ Պատարագին, և Հալեպում ծնված-մեծացած ու վերջին 5 տարիներին  Հայաստանում ապրող հայ բարերար Հակոբ Հակոբյանը:

Օրվա վերջում ուխտավորները մեկնեցին Խաչարձան, որտեղ և՝ Խաչարձանի դպրոցում, հանպատրաստից իրականացավ գրական-մշակութային ցերեկույթ:

Տավուշի թեմի Մամլո դիվան

Translate »