Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

ՈՒՇԱՑԱԾ ՃԱՆԱՊԱՐՀ ԴԵՊԻ ԽՈՐԱՆԱՇԱՏ…

-Իսկ վանքի վրա կրակո՞ւմ են, հարցնում եմ զինվորականներից մեկին։

-Չէ, ուղղակի տարիների անգործությունից ու անշենությունից վանքը կիսավեր, խոնարհված վիճակում է:

Էս աշնան վերջին հոկտեմբեր ամիսը միակ հնարավորությունն էր 24 տարվա երազանքս կյանքի կոչելու ու վանքը տեսնելու համար, տերևները թափվելուն պես վանք բարձրանալն այլևս խիստ վտանգավոր է, գարնան ու ամռան ամիսներին վանք այցելողներն ավելի պաշտպանված են հակառակորդի դիրքերից: Սրբավայրը հակառակորդի հենակետից ընդամենը 70 մ հեռավորության վրա է` մինչև ատամները զինված ադրբեջանցի դիպուկահարների անմիջական թիրախում:
Նկարը, որը տեսնում եք, տեսարանն էր, որ բացվեց վանքի ուղին բռնելուն պես, փշալարերով պատված փոքրիկ ճանապարհից բացվեց դեպի վանք տանող կածանը: Ու բացվեց տեսարանը, գնում էինք դեպի տուն, ու դողացող ոտքերս այլևս անշարժ կարողությունից սկսեցին ավելի արագ գնալ, ու ճանապարհին մտածում եմ, ու՞ր էի այսքան ժամանակ, ՀԱՅՐԵՆԻՔՆ ՍԿՍՎՈՒՄ Է ՍԱՀՄԱՆԻ ՏԱԿԻ ՎԱՆՔ ՏԱՆՈՂ ՀԵՆՑ ԷՍ ԿԱԾԱՆԻՑ․․․ու մեղքի զգացումը, որ պատեց ինձ վանք հասնելուն պես, թույլ չէր տալիս ներս մտնել․․․մնացել էի շիվար մուտքի մոտ ծնկած․․․

Հիշեցի գիշերվա կարդացածս.
«Առանց Խորանաշատի հնարավոր չէ պատկերացնել հայ միջնադարյան պատմագիտական միտքը: Խորանաշատը գրչության կենտրոն էր, վանքն ունեցել է ժամանակի չափանիշներով գործող համալսարան, հիմնադիրը Մխիթար Գոշի աշակերտներից է` Վանական Վարդապետը: Խորանաշատում ուսանել են Վարդան Արևելցին, Կիրակոս Գանձակեցին, Մաղաքիա Աբեղան, Ատեփանոս Աղթամարցին, շատ այլ նշանավոր դեմքեր»:
Հետո էլի աչքս ընկավ գավիթի վրա աճած ծառերին,վանքի բակում ու ներսում թափված քարերին, սառը պատերին ու էլի հուզմունքը պատեց ինձ:

Վանքի մոխրագույն ու սև անմարդ պատերն ամբարված աղոթք են ներծծել, ու ամեն օր աղոթում են․․․աղոթում են, որ կրկին վերածնվի վանքի երբեմնի հոգևոր զարթոնքը․․․

Մեղքի զգացումն ու հարցերը հանգիստ չէին տալիս․․․

Ինչու՞ եմ այսքան ուշ տեսնում վանքը, ու չգիտեմ, դեռ էլի կտեսնե՞մ, ե՞րբ կտեսնեմ․․․
Տերևները թափվելուն պես տարածքն ամբողջովին տեսանելի է դառնալու հակառակորդի դիրքերից․․․
Զինվորները փոքրիկ կածան էին բացել,որ վանք գնալ գալու հնարավորություն ունենային․․․

Իսկ վանքը խոնարհված էր․․․Վանական Վարդապետի գերեզմանը գնալ հնարավոր չէր՝ վտանգավորության պատճառով, զինվորները պատմում են,որ գարնանը Վարդապետի գերեզմանի հատվածը ծածկվում է կարմիր կակաչներով ու առանձնանում միջավայրից․․․

Վանքից իջնելուց հետո դատարկությունը լափեց ինձ, կարծես փակել էի տանս դուռը, առանց իմանալու, թե էլի երբ եմ բացելու․․․

Սիրանուշ Մելիքյան

Translate »