Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

Չինարիում տեղի ունեցավ ոգեկոչման և հիշատակի արարողություն:

Երեկ՝ օգոստոսի 25-ին սահմանապահ Չինարի գյուղում հայրենասիրության ու հպարտության բաց դաս էր: Լրանում էր Արցախյան պատերազմում զոհված չինարեցի Վահրամ Սաղոյանի 45-ամյա տարեդարձը: Ամեն տարի այս օրը հայրենի գյուղում հավաքվում են մեծ ու փոքր, գյուղից հեռու և գյուղում ապրող բոլոր չինարեցիները:

Տեղի ունեցավ Վահրամ Սաղոյանին նվիրված ֆուտբոլի ամենամյա հուշամրցաշարը, որին մասնակցում էին Չինարի, Չորաթան գյուղերի երիտասարդները և Մեհրաբի զորամասի զինվորները:

Այնուհետև Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ, Բերդի տարածաշրջանի քահանաներ Տեր Արամ Միրզոյանի և Տեր Աբել Քարտաշյանի հովվությամբ տեղի ունեցավ հոգեհանգստյան արարողություն, աղոթք բարձրացվեց կյանքը հայրենիքի զոհասեղանին դրած կենդանի և անմահ հերոսների համար:

Կյանքի ու մահվան խաչմերուկ կամ սահմանամերձ Չինարի. Տավուշի մարզի այս գյուղը առավել հաճախ հիշատակվում է որպես ադրբեջանական դիրքերից գրեթե ամեն օր ռմբակոծվող տարածք: Չինարիում կիսախաղաղություն-կիսապատերազմ է, չգործող հրադարդարը` առօրյա ու կենսակերպ:

-Չինարիում ապրող մոտ 1500 բնակչից յուրաքանչյուրն հերոս է,-ասում է գյուղապետ Սամվել Սաղոյանը,- փոքրից մեծ ծանոթ են պատերազմի ձեռագրին, գիտեն խաղաղության գինն ու կրակահերթերի ձայնի ուղեկցությամբ ներքին տագնապով, բայց արտաքուստ անվրդով ապրելու ձևը:

Միջոցառմումն իր հանգուցալուծումը գտավ հերոսի անունով հուշաղբյուրի բացման արարողությամբ: Միջոցառումների շարքը կազմակերպել էր Մոսկվայում գործող Չինարի գյուղի համայնքը:

Միջոցառմանը ներկա էր նաև զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատար գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը, ով Չինարի գյուղից է:

 

Translate »