Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

Սուրբ ծննդյան միջոցառումները սահմանապահ Բերդի տարածաշրջանում

Բերդի տարածաշրջանի կիրակնօրա դպրոցների մանուկները համատեղ սիրո, ջերմության ու ժպիտի մթնոլորտում համախմբվել էին Բերդի մշակույթի տան մեծ դահլիճում:
Սահմանապահ Բերդի տարածաշրջանն ունի 600 աշակերտ, ովքեր համախմբվել էին Չորաթան, Մովսես, Նավուր, Վերին Կարմիր Աղբյուր, Ծաղկավան, Նորաշեն, Տավուշ, Պառավաքար, Չինչին, Այգեձոր Վարագավան գյուղերի և Բերդ քաղաքի կիրակնօրյա դպրոցներից:

Ընդամենը 500 հոգանոց դահլիճում 800-ից ավել մեծ ու մանուկ կար: Բերդի տարածաշրջանի և հարակից գյուղերի քահանա արժանապատիվ Տեր Արամի խոսքերով այս միջոցառումը նախադեպը չունի, քանի որ հազվադեպ է լինում, որ տարածաշրջանից այսքան մանուկ միառժամանակ մեկտեղվեն մեկ գաղափարի շուրջ, որն է քրիստոնեական դաստիարակությունը հերոսական Տավուշում: Մանուկներին հյուր էին եկել հեքիաթի հերոսները, ծաղրածուն, ձմեռ պապն ու ձյունանուշը: Միջոցառմանը մասնակցում էին նաև «Լույս Մանկանց» ծրագրի մանուկները՝ Տեր Արամի երեցկնոջ Արմինե Ոսկանյանի և Տեր Աբելի երեցկնոջ Արմինե Գրիգորյանի գլխավորությամբ:

Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Տավուշի թեմի առաջնորդարանի աշխատակազմը երիտասարդների հետ մասնակցեց մանուկների միջոցառմանը: Մանուկների տրվեցին նվերներ ու մանկական Աստվածաշնչեր, միջոցառմանն աջակցել էին  ԵՀԽ հայաստանյան «Կլոր Սեղան» հիմնադրամը, Կանադայից և Ամերիկայից մի խումբ հայորդիներ, Գաբրիել Չեմբերջյան և կանադահայ երիտասարդ Ռաֆֆի Քեոհնելյան ջանքերով, ով արդեն երրորդ տարին է մասնակցում սույն ծրագրին:

Բագրատ Սրբազանի խոսքերով ինքը երջանիկ է, որ ծառայության է կոչվել այս ժողովրդին ու երջանիկ է սահմանապահ մանուկների այս լուսավոր ճանապարհի համար:

Բերդի տարածաշրջանի կիրակնօյա դպրոցները գտնվում են սահմանապահ Մովսես գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցու և հարակից գյուղերի արժանապատիվ քահանա Տեր Աբելի և Բերդի Սուրբ Հովհաննես եկեղեցու և հարակից գյուղերի քահանա Տեր Արամի հոգատարության ու ջերմության ներքո:

Մանուկները ջերմ, ուրախ ու տոնական բարձր տրամադրությամբ վերադարձան իրենց տները:

Translate »