Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

Վարագավանքի առեղծվածը

Երբ մոտենում ես հյուսիս-արևելյան սահմանագոտուն, ճանապարհի կեսից աչքիդ զարնում է հեռավոր անտառի ու ամբողջ տարածաշրջանի զարդը՝ հյուսիսի թագուհին՝ Նոր Վարագավանքը:
Տարիներ շարունակ դեպի Վարագավանք բարձրացող ճանապարհը կարոտի ճանապարհ է եղել Շամշադինը կարոտած ցանկացած տավուշեցու համար, իսկ այն առաջին անգամ տեսնողների համար սիրո ու հավատի ճանապարհ:
Առավոտյան շամանդաղին երիտասարդներով հասանք Վարագավանք: Արևի առաջին շողերն իրենց ճիգերն էին գործադրում դիմացի սարից ելնելու ու տեղանքը լուսավորելու համար: Արևածագը վանքի պատին նկարում էր իր դեմքը՝ լուսավորելով ու ջերմացնելով բոլոր քանդակները, խունացած ու պատմված խաչքարերը: Վարագավանքում աղոթքը չի վերջանում, լույսի մեջ կորչում է հոգիդ, երբ ամեն անգամ մտնում ես կամարներից ներս:
Վարագավանքի ուժն ու զորությունն աներկբա է: Անտառների մեջ թաքնված այդ հսկա կոթողն իր լույսն ու սերը թողնում է յուրաքանչյուր ուխտավորի սրտում: Նոր Վարագավանքը վանահայր չունի, ժամանակ առ ժամանակ Տավուշի թեմի հոգևոր սպասավորներից շատերը դեպի վանք ուխտագնացություններ են կազմակերպում, մատուցում պատարագներ:
Նոր Վարագավանքն ունի իր ուխտի օրը:
Խաչվերացի երրորդ կիրակին Վարագա սուրբ խաչի տոնն է: Վարգա սրբ. Խաչի տոնակատարությունը բնորոշ է միայն հայ առաքելական եկեղեցուն, մեր տոնացույցի մեջ է մտել 7-րդ դարում Ներսես 3-րդ Տայեցու կողմից: Նոր Վարագավանքի ուխտի օրը հռչակվեց Վարգա սրբ.խաչի տոնը և արդեն քանի տարի է, որ ուխտագնացություն է կազմակերպվում դեպի Նոր Վարագավանք: օրը Մայր աթոռ սրբ.Էջմիածնից մեծ հանդիսավորությամբ Նոր Վարագավանք կտեղափոխվի Քրիստոսի խաչափայտի մասունքը`հավատավոր ժողովրդի երկրպագության համար:
Տավուշի թեմի երիտասարդները որոշեցին այդ օրը նախաճաշել Վարագավանքում: Վարագավանք հասնողը չի ուզում իջնել այնտեղից: Մի կետում խաչվում են հավատն ու պատմությունը, բնությունն ու ճարտարապետությունը: Ամենաշատն ինձ գրավում է նոր Վարագավանքի անդորրը: Վարագավանքում աղոթքը մեկտեղվում է անտառի ձայների հետ ու դառնում շարական, Աստվածային ելևէջ: Վարագավանքում աղոթելիս ոտքերդ իրենք իրենց են ծնկվում:
Ուզում ենք ձեզ պատմել մի քանի հետաքրքիր փաստերի մասին, որոնց մասին երևի քչերդ կիմանաք: Այդ ամբողջ օրն անցկացնելով վանքում բացահայտեցինք մի շարք հետաքրքիր փաստեր, որոնց շատերի ծագումն անհայտ է նաև մեզ: Ուստի ներկայացնենք մեր փոքրիկ բացահայտումները, որը քչերդ եք նկատել:
Նոր Վարագավանքում գրեթե բոլոր խաչքարերը զույգ են, ինչպիսիք դուք կտեսնեք նկարներում: Խաչքարերը պատի մեջ, գավիթում, վանքի բակում և ամենուր, ամենատարաբեր զարդանախշերով ու լուծումներով: Հայաստանի շատ վանքերում ևս կան զույգ խաչերով խաչքարեր, բայց մեկ կամ երկու հատ, Վարագավանքում դրանք տասնյակներով են:
Դեռևս տեղացի տատիկ պապիկներից շատ վաղուց լսել ենք, որ Վարագավանքն ասոցացվում է սիրո ու ընտանիքի վանքի հետ: Նոր Վարագավանքում ոչ մի աղոթք կիսատ ու Աստծուն անհաղորդ չի մնում:
Նոր Վարագավանքի կառուցման մասին ավանդություն գոյություն ունի, որը պատմում են Վարագավան գյուղի մեծերը: Պատմում են, որ վանքի շինարարության ժամանակ հավատացյալ դեռատի մի աղջիկ է եղել, ով վանքի մոտակա ձորից ջուր է տարել` ուսերին փայտ ամրացնելով: Այդ փայտից և ծանրությունից ժամանակի ընթացքում նրա ուսերին վերքեր են առաջացել, սակայն աղջիկը շարունակել է ջուր տանել և մահացել է առաջացած վերքերից: Աղջկա անունը եղել է Շառա: Նոր Վարագավանքի շինարարներից մեկը, սիրահարված է եղել Շառային, Տղան, գտնելով աղջկա անշունչ մարմինը, Նոր Վարագավանքի հարավային մասում սիրահարների համար կառուցեց փոքրիկ մի մատուռ. այն ցայսօր կանգուն է: Համալիրն ունեցել է նաև ջրուղի, որը կառուցել ոմն Շառան 1253 թ.: Այդ մասին պատմող արձանագրությունը պահպանվել է մի խաչքարի վրա.
Ի թվին ՉԲ (1253), ա(ստուա)ծ ող|որմի Շառա, որ | ջուր բե(րեց):
Ենթադրվում է, որ Շառան հենց այն նույն Շառան է, ում սիրով համակված էլ շինարարը կառուցել է վանքը:
Ցանկացած Վարագավանք այցելողի կհղեինք ուշադրություն դարձնել վանքի ներսից դռան վերևի մասում գտնվող փոքրիկ սրտե քանդակին, Վարագավանքի զույգված խորանին, որը ևս բացառիկ է Հայաստանում. Նոր Վարագավանքում խորանը բաժանված է երկու մասի:
Ուշագրավ են նաև կտուց կտցի թռչունների քանդակները, որն աչք է զարնում:
Մինչև անցյալ դարի վերջերը վանքի շրջակայքում նկատվել են պարիսպների և միաբանների խուցերի ավերակները, իսկ գլխավոր եկեղեցու հյուսիսային ճակատին կցված է եղել մի մատուռ: Վանքը ունեցել է ջրմուղ, որը 1253 թ. անցկացրել է ոմն Շառա: Վանքի տարածքում կան խաչքարեր, որոնցից ամենահնի հեղինակը Վարդանն է (1620 թ.): Ի դեպ, վանքախմբին անդրադարձած որոշ հեղինակներ վանական համալիրի գլխավոր եկեղեցին` Սբ. Աստվածածինը, անվանում են «Սբ. Նշան»` Վարագա սբ. Նշանն այստեղ պահելու կապակցությամբ, քանզի մինչև Սբ. Էջմիածին տեղափոխելը մասունքը գտնվել է այս կամարների ներքո: Մասունքի հրաշագործությունների մասին բազմաթիվ հիշատակություններ են պահպանվել: Մասնավորապես, Եդեսիայում համաճարակի ժամանակ Վարագա ս. Խաչի զորությամբ անբուժելի հիվանդությունը կասեցվել է:

Ուշագրավ է Վարագավանքի պատմական նշանակությունն ու արժեքը, նրա զորությունն ու ուժը: Ուստի ամեն հայ ընտանիք իր քրիստոնեական ուխտը պետք է համարի գոնե մեկ անգամ լինել հյուսիս-արևելյան սահմանագոտում գնտվող այդ հզոր աղոթարար խորանի առջև ու աղոթել հանուն սիրո, բարու ու խաղաղության:

 

Գեղեցիկ ու խորհրդավոր բացահայտումներն արեց Լիդյա Մանթաշյանը:
Նյութը պատրաստեց Տավուշի թեմի մամլո դիվանի պատասխանատու Սիրանուշ Մելիքյանը:

Translate »