Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

ՏԱՎՈՒՇԻ ԹԵՄՈՒՄ ԱՄՓՈՓՎԵՑԻՆ ԿԻՐԱԿՆՕՐՅԱ ԴՊՐՈՑՆԵՐԻ ԱՄԱՆՕՐՅԱ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

Տավուշի թեմի կիրակնօրյա դպրոցների Սուրբ Ծննդյան և Ամանորյա միջոցառումների շարքն ամփոփվեց Դիլիջանի տարածաշրջանում։

Դեկտեմբերի 27-ի առաջին տոնական միջոցառումը տեղի ունեցավ Գոշում․ այստեղ էին հավաքվել Խաչարձանի, Աղավնավանքի և Գոշի կիրակնօրյա դպրոցներում ուսանող մանուկները։ Հաջորդ գեղեցիկ միջոցառումը Հաղարծնի միջնակարգ դպրոցում էր՝ Սուրբ Ծննդյան ավետիսը հնչեցրին Հաղարծին և Թեղուտ համայնքների կիրակնօրյաների սաները։

Միջոցառումներին ներկա էին Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, ինչպես նաև յուրաքանչյուր համայնքում՝ կիրակնօրյա դպրոցների խնամքը տանող հոգևորականները․ Գոշում՝ Տեր Սեդրակ քահանա Աղասյանը, Հաղարծնում՝ Տեր Սամվել վարդապետ Մխիթարյանն ու Տեր Արիսակես վարդապետ Այվազյանը։

Ամանորյա տոնական տրամադրությունը օրվա երկրորդ կեսին տեղափոխվեց Դիլիջան՝ Լևոն և Աննա Աֆեյանների անվան կիրակնօրյա դպրոց։ Այս օրերին բազում երեխաների շուրթերից հնչած խաղաղութան աղոթքի ու Քրիստոսի Սուրբ Ծննդյան ավետիսի հնչյուններին միացավ նաև Դիլիջանի մանուկների սրտաբուխ խոսքը, աղոթքն ու մաղթանքը։ Բացի կիրակնօրյա դպրոցում սովորող մանուների ծնողներից, միջոցառմանը ներկա էր նաև Դիլիջանի հոգևոր հովիվ Տեր Շավարշ քահանա Սիմոնյանը։

Նշենք, որ Դիլիջանի տարածաշրջանում մանուկները Սուրբ Ծննդյան նվերներ ստացան՝ ԵՀԽ «Կլոր Սեղան» գրասենյակի, ինչպես նաև Տավուշի թեմի կանադահայ ու լոսանջելեսաբնակ մի խումբ բարեկամների աջակցության շնորհիվ։

Այսպիսով՝ ՏաՀույսում ամփոփվեց դեկտեմբերի 21-27-ը տևած Սուրբ Ծննդյան միջոցառումների շարքը․ իրենց ամանորյա ելույթներով այս միջոցառումներին մասնակցեցին 43 համայնքների շուրջ 2000 մանուկներ։

Translate »