Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

Տոն Սրբոց Վարդանանց. Վարդան Մամիկոնյանի տնկած կաղնու մոտ Սուրբ և Անմահ Պատարագ մատուցվեց

«Մեզ հայր ենք ճանաչում Սուրբ Ավետարանը, և մայր` Առաքելական Կաթողիկե Եկեղեցին, և թող ոչ ոք իբրև չար անջրպետ մեջ ընկնելով` մեզ սրանից չբաժանի» (Եղիշե):

Այս տարի փետրվարի 23-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Վարդանանց զորավարների և 1036 վկաների տոնը: 451թ. մայիսի 26-ին Ավարայրի ճակատամարտում նահատակության պսակն ընդունեցին հայոց ութ մեծամեծ նախարարներ և 1036 զորականներ՝  «վասն հավատո և վասն հայրենյաց»:

Տոնի առթիվ այսօր Անաղբյուր գյուղի Սուրբ Վարդանանց անունը կրող եկեղեցում Սուրբ և Անմահ Պատարագ մատուցեց արժանապատիվ Տեր Շավարշ քահանա Սիմոնյանը: Ակնաղբյուրի այս եկեղեցին կառուցված է «Վարդանի ծառ» կոչվող կաղնու մոտ, որը Վարդան Մամիկոնյանը տնկել է 450թ.՝ մոտակայքում գտնվող Խաղխաղ վայրում պարսկական զորքերին ջախջախիչ պարտության մատնելուց հետո:

Տեր Հայրը նշեց, որ Սուրբ Վարդանանց պատերազմը շարունակվում է առ այսօր, և մենք էլ, Վարդանանց սրբերի բարեխոսությամբ, պիտի հաղթող լինենք հոգևոր պատերազմում. «Այս հավատից մեզ ոչ ոք չի կարող խախտել. ո´չ հրեշտակները, ո´չ մարդիկ, ո´չ սուրը և ո´չ հուրը, ո´չ ջուրը և ո´չ էլ որևէ այլ դառն հարված…». հազար հինգ հարյուր տարի առաջվա հավատքի այս խոստովանությունն է մեզ բերել- հասցրել քսանմեկերորդ դար, և այսօր մենք էլ ենք մարտահրավերների առաջ: Այսօր չկան պարսից սուրը, փղերը, զորքը, որ բացահայտ գալիս էին մեզ վրա, սակայն Վարդանանց պատերազմն առ այսօր շարունակվում է: Մենք հոգևոր պատերազմի մեջ ենք, և փորձում ենք ամուր պահել այն հավատքը, որից մեզ ոչինչ չի կարողացել հետ պահել»:

Translate »