Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

ՕԾՎԵՑ ՀԱՂԹԱՆԱԿ ԳՅՈՒՂԻ ՍՈՒՐԲ ԱՆԴՐԵԱՍ ԵԿԵՂԵՑԻՆ

Հունվարի 20-ին Նոյեմբերյանի տարածաշրջանում օծվեց Հաղթանակ գյուղի նորակառույց եկեղեցին։ Նախորդ օրը՝ հունվարի 19-ին, տեղի էր ունեցել նաև եկեղեցու Նավակատիքը՝ Դռնբացեքի արարողությունը։

Հաղթանակ գյուղն ի վերջո իր հոգևոր կենտրոնն ունեցավ․ Սուրբ Անդրեաս եկեղեցու Սուրբ Սեղանն օծվեց Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի ձեռամբ, արարողությանը մասնակցում էին տարածաշրջանի հոգևոր հովիվներ Տեր Հրայր քահանա Բեջանյանը, Տեր Սմբատ քահանա Աբրահամյանը, ինչպես նաև Տեր Արամ քահանա Միրզոյանն ու Տեր Սիմեոն քահանա Առաքելյանը։ Օծման արարողությունից հետո Սուրբ Անդրեաս եկեղեցում մատուցվեց եպիսկոպոսական Սուրբ և Անմահ Պատարագ։

Հաղթանակի եկեղեցին կառուցվել է մոսկվայաբնակ, ծնունդով ախալքալաքցի բարերար Անդրանիկ Պապոյանի միջոցներով, ճարտարապետը Միսակ Մելքումյանն է։ Այս կարևոր նախաձեռնության համար Անդրանիկ Պապոյանին շնորհվեց առաջնորդական օրհնության գիր, իսկ Այրումի համայնքապետ Արայիկ Պարանյանի կողմից նրան շնորհվեց Այրումի պատվավոր քաղաքացու կոչում։

Նորակառույց եկեղեցին լեփ-լեցուն էր․ հաղթանակցիների կյանքում սա մեծ ուրախություն ու իրական հաղթանակի տոն է։ Բագրատ Սրբազանն իր խոսքում նշեց, որ այսուհետև այս հոգևոր տան խնամքն է մեծագույն առաքելություն լինելու․ «Կառուցելը մի բան է, մեծացնելը՝ մի ուրիշ բան։ Երկուսն էլ առաքինություններ են, երկուսն էլ մեծագույն հոգնություն են պահանջում։ Եվ մենք միասին կոչված ենք այս տունը խնամելու ու մեծացնելու։ Տեսնելով ձեր զավակների ուրախությունը՝ ուղղակի համոզվում եմ, որ այս տունն իր կյանքը էլ ավելիով պիտի ճոխացնի ու զարգացնի՝ հանուն մեր գյուղի շինության ու հավատքի կյանքի զորացման»։

Եկեղեցու օծմանը և Սուրբ Պատարագին ներկա էին եկեղեցու կառուցման նախաձեռնողները, Հաղթանակ գյուղի վարչական ղեկավար Վահրամ Շարոյանը, հարակից շրջանների համայնքների ղեկավարներ՝ Այրումի համայնքապետ Արայիկ Պարանյանը, Կողբ գյուղի համայնքապետ Արսեն Աղաբաբյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ Գրիգոր Ավալյանը և Շիրակ Թորոսյանը։

Սուրբ Պատարագից հետո կատարվեց նաև Ջրօրհնյաց հանդես, և եկեղեցու Խաչի քավոր դարձավ Հաղթանակ գյուղի վարչական ղեկավար Վահրամ Շարոյանը։

26993722_1752811765028755_8512055794207139905_n
« of 29 »
Translate »